Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի փողոցներից մեկն անվանակոչվեց Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ կյանքեր փրկած դանիացի միսիոների անունով

Երևանի փողոցներից մեկն անվանակոչվեց Հայոց ցեղասպանության տարիներին 
բազմաթիվ կյանքեր փրկած դանիացի միսիոների անունով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացավ դանիացի միսիոներ, մեծ մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ, 1000-ավոր հայ որբերին երկրորդ կյանք պարգևած Մարիա Յակոբսենի անունով անվանակոչված փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիրի 51-րդ փողոցն անվանակոչվել է Մարիա Յակոբսենի անվամբ։ 

8D1A9970.JPG (1.07 MB)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ շռայլություն է ունենալ անանուն փողոցներ, երբ հայ ժողովուրդն իր պատմության մեջ ունի նվիրյալներ և բարեկամներ, որոնցից մեկն էլ  Մարիա Յակոբսենն է: 

«Մենք կարևորում ենք անձանց, ովքեր ամենածանր պահերին եղել են հայ ժողովրդի կողքին: Մարիա Յակոբսենը այն անձանցից է, ով Ցեղասպանության տարիներին փրկել և կրթել է հազարավոր հայ մանուկների,  և սա, կարծում եմ, այն փոքր հիշատակի հնարավորությունն է, որ քաղաքը կարող է և պարտավոր է տալ այդ մարդուն: Մենք պետք է հիշենք և մեր պատմության էջերում գրանցենք նման մարդկանց, որպեսզի մեր զավակներն ու թոռները նրանց ևս իմանան»,- նշեց Ավինյանը:

8D1A9924.JPG (1.15 MB)

Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը նշեց, որ սա առաջին միջոցառումն է, որին մասնակցում է՝ որպես Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան: 

«Երեկ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ևս նշել եմ, որ մեր հարաբերությունները կառուցելու ենք պատմական կապերի, բարեկամության հիմքերի վրա: Մարիա Յակոբսենը այդ բարեկամության խորհրդանիշն է: Հազարավոր հայ մանուկներին Ցեղասպանությունից փրկած միսիոներին կոչում էին Մամա Յակոբսեն»,- ասաց դեսպանը: 

Միջոցառմանը ներկա էին նաև Մարիա Յակոբսենի ժառանգները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, «Մարիա Յակոբսեն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, մտավորականներ և այլ պաշտոնական անձինք: 

Մարիա Յակոբսենը ծնվել է 1882թ. Դանիայում: 1906թ. բուժքույրական դասընթացներն ավարտելուց հետո դառնում է «Կանանց միսիոներական աշխատողներ» կազմակերպության անդամ և որպես միսիոներ մեկնում է Խարբերդ: 1907-1919թթ.-ի տեսածը Յակոբսենը շարադրում է իր օրագրում, որը հետագայում դառնում է Հայոց ցեղասպանության մասին ականատեսի վկայություն: 600 էջից բաղկացած օրագրում նկարագրված է Խարբերդի հայերի տեղահանությունն ու աքսորը: Մարիա Յակոբսենի ջանքերով ավելի քան 3600 հայ որբեր անցում են նրա խնամակալության տակ: Հենց այդ ժամանակ էլ նա վարակվում է հիվանդությամբ: 1919թ. բուժման նպատակով որոշում է մեկնել Դանիա, սակայն հրավեր է ստանում մեկնելու ԱՄՆ: 7 ամիսների ընթացքում նրան հաջողվում է հայ որբերի համար գումար հայթայթել, որից հետո փորձում է վերադառնալ Խարբերդ, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս: Մարիա Յակոբսենի նախաձեռնությամբ և ջանքերով 1922թ.-ին Սայդայում բացվում է որբանոց, որը 1928թ.-ին տեղափոխվում է Բեյրութի մերձակայքում գտնվող Ջիբեյլ ավան և կոչվում «Թռչնոց բույն»: Հենց այստեղ էլ Յակոբսենը շարունակում է իր գործունեությունը: Հայ որբերը նրան դիմում էին «մամա»: «Թռչնոց բույնը» նրանց համար ավելի շատ դպրոց էր և տուն, քան որբանոց: Այնտեղ երեխաները սովորում էին նույն այն առարկաները, որոնք դասավանդվում էին Լիբանանի հանրային դպրոցներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]