Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ռուսաստանն արտաքսել է Էստոնիայի դեսպանին, Էստոնիան համարժեք պատասխան է տվել

Ռուսաստանն արտաքսել է Էստոնիայի դեսպանին, Էստոնիան համարժեք 
պատասխան է տվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ՌԴ-ում Էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեին կանչել է գերատեսչություն և հայտնել, որ վերջինս պետք է երկիրը լքի փետրվարի 7-ին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը:

«Այժմ Էստոնիան նոր անբարյացակամ քայլ է ձեռնարկել՝ արմատապես նվազեցնելով Տալլինում Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի թվաքանակը, ինչը հաստատում է մեր երկրների միջև հարաբերությունների փլուզման միտվածությունը։ Որպես պատասխան՝ ռուսական կողմը որոշել է երկու երկրներում դիվանագիտական ​​ներկայացուցչի պաշտոնն իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնի», - նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

ՌԴ ԱԳՆ-ն շեշտում է, որ «նման իրավիճակի զարգացման ողջ պատասխանատվությունն ընկնում է էստոնական կողմի վրա»:

Ըստ Associated Press գործակալության՝ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է, որ ի պատասխան ՌԴ քայլի, ելնելով հավասարության սկզբունքից՝ Էստոնիայում Ռուսաստանի դեսպանը փետրվարի 7-ին պետք է լքի երկիրը:

Հունվարի սկզբին Էստոնիայի արտգործնախարարությունը Ռուսաստանից պահանջել էր մինչև փետրվարի 1-ը դիվանագիտական ներկայացուցչությունում իր անձնակազմի թիվը նվազեցնել և դեսպանատանն ունենալ միայն 8 դիվանագետ և վարչական, տեխնիկական և սպասարկող 15 աշխատակից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am