Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանիան Լեհաստանին չի խոչընդոտի Կիևին գերմանական տանկեր մատակարարելու հարցում

Գերմանիան Լեհաստանին չի խոչընդոտի Կիևին գերմանական տանկեր մատակարարելու հարցում

 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Լեհաստանը դիմի գերմանական Leopard-2 տանկեր Ուկրաինային մատակարարելու թույլտվության համար, ապա կստանա այն, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Նման հարցում չի ստացվել: Եթե լիներ, մենք որևէ խոչընդոտ չէինք հարուցի»,- ասել է Բերբոքը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Գերմանական օրենսդրության համաձայն՝ այն երկրները, որոնց սպառազինության մեջ գերմանական արտադրության զենք կա, իրավունք չունեն դրանք վերաարտահանել մարտական գործողությունների գոտի՝ առանց Գերմանիայի կառավարության համաձայնության։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ Վարշավան պարզապես կարող է անտեսել գերմանական արտադրության տանկերի վերաարտահանման վերաբերյալ գերմանական ցանկացած սահմանափակում։

«Համաձայնությունը երկրորդական հարց Է: Կա՛մ մենք կստանանք այդ համաձայնությունը, կա՛մ մենք ինքներս կանենք այն, ինչ պետք է արվի», - ասել է Մորավիեցկին:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսն անցյալ շաբաթ հայտարարել Էր, թե չի կարելի բացառել, որ Գերմանիան ինքը կմատակարարի Leopard տանկեր կամ դրանք Ուկրաինա վերաարտահանելու թույլտվություն կտա այն երկրներին, որոնք զինված են այդ տանկերով։

Սակայն, ինչպես հաղորդվում է, Բեռլինը դեռ որոշում չի ընդունել տանկերի մատակարարման շուրջ և դրանք վերաարտահանելու թույլտվություն չի տվել։

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Գերմանիան պատրաստ է գնալ այդ քայլին այն պայմանով, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի իր M1 Abrams տանկերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]