Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փորձում ենք բարձրացնել սուրոգատ մայր դառնալու՝ կանանց տարիքային շեմը. Էդուարդ Համբարձումյան

Փորձում ենք բարձրացնել սուրոգատ մայր դառնալու՝ կանանց տարիքային շեմը. 
Էդուարդ Համբարձումյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բնակչության 15 տոկոսն այսօր անպտղությամբ է տառապում, ինչը համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մտահոգիչ թիվ է։ Այն երկրները, որոնք այդ թվին մոտ են, կամ` ավելին, ժողովրդագրական խնդրի առաջ կարող են հայտնվել։ Մինչև 2022 թվականի ավարտը պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրի» շահառուների խիստ թիվը սահմանափակ էր։ 2023 թվականի սկզբին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց՝ անպտղության անվճար բուժման ծրագրից օգտվել ցանկացող շահառուների ցանկն առավել կընդլայնվի:

Ըստ նոր կարգավորումների`20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ:

36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց կտրվի ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն:

319014935_690555682419230_8272252892008758955_n.jpg (54 KB)

Սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող զույգերին, որոնցից կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է, կտրամադրվի ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն:

Շահառուների այս խմբի համար սահմանվել է նաև մշտական բնակության վայրում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու լրացուցիչ պահանջ:

319597380_699869261534661_8349555155355775436_n.jpg (834 KB)

Մինչ այս պահը՝ շնորհիվ պետպատվերների՝ 10-15 տոկոսով ավելացել է օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ հղիություն գրանցած կանանց թիվը։ Այդ թիվն այժմ կրկնապատկվելու, գուցե՝ եռապատկվելու հնարավորություն ունի։

Ի դեպ, անպտղությունն աշխարհի առջև ծառացած 3-րդ մեծագույն խնդիրն է։ Այն պետության համար ստրատեգիական նշանակություն ունի, ազդում է ժողովրդագրության վրա, նաև՝ կարող է խաթարել ընտանիքի երջանկությունը։ Հենց այս պատճառով 2008 թվականին Եվրախորհրդարանն ընդունեց օրենք, ըստ որի՝ վերարտադրողական առողջությունը մարդու, ընտանիքի իրավունքների հարց է։ Նույն տարում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ ընդունեց օրենք, այն է՝ անպտղությունը հիվանդություն է, որին պետք է համապատասխան մոտեցում ցուցաբերվի։ 

«Արմենպրես»-ը թեմայի շուրջ զրուցել է Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության, գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողականության ամբիոնի վարիչ, Պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանի հետ։

320521704_510642441035581_2563395991080217229_n.jpg (191 KB)

- Հարցազրույցից դուրս մեր զրույցի ընթացքում ասացիք, որ գոյություն ունի պտղաբերության ինդեքս, ինչը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր ընտանիքում քանի երեխա կա։ Հայաստանում այդ ինդեքսը 1.6 է։ Ի՞նչ է դա նշանակում։ 

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նորման 2.1-ն է (2-ից ավելի երեխա՝ ամեն ընտանիքում-խմբ.), որպեսզի ազգաբնակչությունը կարողանա գոնե ինքն իրեն վերարտադրվել, ապա մեր երկրում վիճակը, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ. 1.6-ի պահպանման պարագայում ոչ միայն չենք վերարտադրվում, այլ նաև՝ ազգաբնակչության բնական նվազում է տեղի ունենում։ Մեր առջև դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ կան ծառացած։ Ուսումնասիրությունները ցույց են տվել՝ եթե այս ինդեքսը պահպանվի, շուրջ 100 տարի հետո մեր բնակչության թիվը կկրճատվի երկու անգամ։ Սակայն պետք է նկատեմ, որ վերարտադրողական խնդիրների հետ մեկտեղ այսօր մեծ թափ է ստացել նաև օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերարտադրողական բժշկությունը։ Վերջին 20 տարիների ընթացքում փոքր քայլերով առաջ էինք գնում, բայց պետք է ընդգծեմ, որ հատկապես վերջին 3 տարում այդ քայլերն ավելի ինտենսիվ են դարձել, առաջընթաց կա. Կառավարությունը մի շարք կարևոր օրենքներ ընդունեց, ֆինանսավորումն ավելացրեց։ Ճիշտ մոտեցումներ են կիրառվում, որպեսզի այն՝ երբեմն անհեթեթ, խանգարող կամ ուղղակի հնացած օրենքները մենք կարողանանք փոխել՝ ի շահ զույգերի։

- Շուրջ 4 տարի առաջ ստեղծվեց «Հայ» ասոցիացիան, որը «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում հովանավորների, նվիրատուների աջակցությամբ ևս օգնում է անպտղությամբ տառապող զույգերին։ Գաղտնիք չէ, որ արտամարմնային բեղմնավորումը (ԷԿՕ) բավականին թանկ միջամտություն է, ասոցիացիային որքանո՞վ հաջողվեց պաշտպանել այս խնդրի մեջ հայտնված ընտանիքների իրավունքները։

- Գիտեք, գոյություն ունի եվրոպական երկրների քարտեզ, որի վրա նշվում է, թե որ երկրում օրենքները որքանով են նպաստում  զույգերի իրավունքների պաշտպանությանը։ Որքան այդ քարտեզի վրա մեր նշաձողը բարձրանա, այնքան, այսպես ասած, վերարտադրողական տուրիզմը ակտիվ կդառնա։ Թեև, հիմա էլ Հայաստանն այդ առումով բավականին ակտիվ է, շատ հայ ընտանիքներ, ովքեր Հայաստանից դուրս ապրելով՝ դոնորական ձվաբջջով կամ դոնորական սերմով երեխա ունենալու անհրաժեշտություն ունեն, բնականաբար, գալիս են Հայաստան, ուզում են հայկական գեներով երեխաներ ունենալ։ Գալիս են նաև զույգեր՝ ուղղակի ԷԿՕ-ի նպատակով՝ վստահելով տվյալ երկրի բժշկությանը։ 

Մեր ասոցիացիային նախորդ տարիներին հաջողվել էր ընդամենը «Արագիլ» հասարակական կազմակերպությունը ստեղծել, որը պետական աջակցություն չուներ, և հնարավորություն ուներ օգնելու շատ քիչ թվով զույգերի: 2019 թվականից սկսված՝ այս առումով լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, ավելի մեծ գումարներ ներդրվեցին ծրագրի մեջ, ինչն, իհարկե, որոշ չափով պատկերը փոխեց։ Նկատենք, որ բացի ֆինանսական գործոնը, նաև հոգեբանական գործոնը կա, որը նույնպես բարդություններ ունի. զույգերը հաճախ ստիպված են լինում տարիներով փորձել, մինչև ցանկալի արդյունքի են հասնում: 

Մեր երկրին վրա հասած վերջին արհավիրքներից հետո ընդունվեց աննախադեպ օրենք, որ պատերազմների հետևանքով զավակներ կորցրած ընտանիքները կարող են ամբողջովին անվճար օգտվել անպտղության հաղթահարման ծրագրից: Նրանց պարագայում պետությունն ամբողջովին էր հոգում ծախսերը, անգամ, եթե դոնորական ձվաբջջի, դոնորական սերմի կամ փոխնակ մոր անհրաժեշտություն էր նկատվում:

319297215_502481225209371_4950363584551607511_n.jpg (1.05 MB)

- Հայաստան այցելող զույգերի թիվը մե՞ծ է։ Այստեղ բժշկական կենտրոնները որքանով են հագեցած վերարտադրողական բժշկության համար անհրաժեշտ սարքավորումներով և մասնագետներով։ Արդյոք մենք այն երկրների ցանկում ենք, որտեղից զույգերը, հաջողության հասնելու համար, ոչ թե ուզում են գնալ այլ երկիր, այլ՝ դրսից են ուզում գալ մեր երկիր։ 

- Օրինակ, մեր կենտրոն (Fertility Center - Պտղաբերության Կենտրոն-խմբ.) զույգեր են գալիս 30-ից ավելի երկրից, ու միշտ չէ, որ նրանք հայեր են։ Զույգերը հիմա շատ կրթված են, ամեն մի մանրուք ուսումնասիրում են՝ օրենքները, հնարավորությունները, առավելությունները, հաջողության հասնելու հավանականությունը... Իհարկե, Հայաստանում կենտրոններ կան, որ շատ բարձր մակարդակով են աշխատում, բայց միևնույն է՝ համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ մինչև 6 անգամ արտամարմնային բեղմնավորում կամ ներարգանդային սերմնավորում կատարելով՝ զույգերի մի խումբ կա, որի մոտ այդպես էլ հաջողություն չի գրանցվում։ Սա դեռ ցավալի իրականություն է, բայց, եթե հիշենք, որ ընդամենը 20-30 տարի առաջ օժանդակ տեխնոլոգիաներով հաջողության հասնելու դեպքերի թիվը 2-3 անգամ քիչ էր, ապա պրոգրեսը հուսադրող է։ Տասնյակ տարիներ հետո շատ ավելի մեծ հաջողություններ կունենանք։

Ինչ վերաբերում է մասնագետներին՝ ճիշտ եք, ԷԿՕ-ով զբաղվող բժիշկները հատուկ մասնագետներ են ու հատուկ վերապատրաստում են անցնում։ Ստեղծման առաջին տասնամյակում այս ոլորտը Հայաստանում մի քիչ ավելի տարերային բնույթ ուներ։ Շուրջ 4 տարի առաջ Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծվեց վերարտադրողական բժշկության ամբիոն, որի ղեկավարը ես եմ։ Ու մենք Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կլինիկական օրդինատուրա ենք բացել,  որը մասնագետների է պատրաստում։ ՀՀ օրենքով վերարտադրողական բժշկությամբ կարող են զբաղվել այն մանկաբարձ-գինեկոլոգներն, ովքեր դիպլոմավորվել են կլինիկական օրդինատուրայում։ Իհարկե, մեր բժիշկները տարեկան մի քանի անգամ վերապատրաստման են մեկնում, ու այստեղ իրենց գործունեությունը շարունակում եվրոպական ստանդարտներով։

319975993_708385070856221_4115876648113801943_n.jpg (200 KB)

- Բժիշկ, ինսիմինացիան (ներարգանդային սերմնավորում-խմբ.) նախկինում օրենքով ներառված էր օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերարտադրողական բժշկության մեջ։ Ինչո՞ւ որոշվեց առանձնացնել։ 

-Մենք այս օրենքը փոխեցինք, որպեսզի կարողանանք մարզերում զարգացնել վերարտադրողական բժշկությունը։ Որպեսզի ինսիմինացիայի «կաբինետ» ստեղծեինք, պետք է ԷԿՕ-ի կենտրոններ բացվեին մարզերում։ Սակայն մարզերում այդպիսի կենտրոններ բացելու ոչ միայն հնարավորություն չկար, այլև՝ անիմաստ էր։ Իսկ բացի արտամարմնային բեղմնավորումից, մնացած միջամտություններն առավել թեթև ու առավել մատչելի են, ու կարող են հասանելի լինել մարզային ԲԿ-ներում։ Անպտղությամբ տառապող մարդկանց 85 տոկոսի բուժումը կարելի է կազմակերպել հենց տեղում, այդ թվում՝ ներարգանդային սերմնավորման օգնությամբ։ Կարիք չկա, որ դրա համար, օրինակ, Կապանի, հեռավոր մարզերի բնակիչները հասնեն մայրաքաղաք։ Իհարկե, մարզերի բժիշկները ևս վերապատրաստվում են, ամեն բժիշկ չի կարող վերարտադրողական բժշկությամբ զբաղվել։ 

- Քիչ առաջ խոսեցիք դոնորության մասին. hետաքրքիր է, հայ կանայք և տղամարդիկ հեշտությա՞մբ են դոնոր դառնում։

- Նախկինում՝ այնքան էլ չէ, հիմա՝ դժվարություններ չեն ծագում։ Այդ մարդիկ նաև լավ վարձատրվում են։ Մեզ մոտ այլ խնդիր կա՝ սուրոգատ մայրերի պահանջ։ Ու հիմա փորձում ենք բարձրացնել սուրոգատ մայր դառնալու՝ կանանց տարիքային շեմը։ Մինչ օրս դա 35 տարեկանն էր, բայց Եվրոպայի, ԱՄՆ-ի ու շատ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ մինչև 44 տարեկան առողջ կանայք կարող են սուրոգատ մայր դառնալ։ 

320178480_539953931354179_5058479835855750265_n.jpg (231 KB)

- Մենք փոքր երկիր ենք, նույն երկրի ներսում դոնորությունը կարող է օրերից մեկ օր մեկ այլ խնդրի պատճառ դառնալ. չկա՞ մտավախություն, որ 20 տարի անց ամուսնացող զույգերի որոշ հատված, չիմացությամբ, կարող են քույր ու եղբայր, ազգակիցներ դուրս գալ, ինչն էլ կարող է սերունդների հիվանդությունների պատճառ հանդիսանալ։ 

- Իրականում, դա շատ լեգիտիմ մտահոգություն է։ Նախկինում դոնորության սահմանափակում չկար, բայց նախորդ տարի օրենք ընդունեցինք, որ մեկ դոնորից (լինի սերմի, թե ձվաբջջի - խմբ.) 7-ից ավելի զավակ չի կարող ծնվել, որպեսզի որոշ ժամանակ հետո չկանգնենք խնդրի առջև։ Այստեղ շատ կարևոր հաշվարկներ են կատարված, որպեսզի հետագայում «իմբրիդինգի» խնդիր չառաջանա։ Չեմ ժխտի, 100 տարվա մեջ 1-2 դեպք կարող է պատահել, բայց այդ թիվը միանգամայն անվտանգ է։ 

Ասեմ, որ այժմ համապետական ռեգիստր է ստեղծվել, որը ղեկավարում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ու Հայաստանում վերարտադրողական բժշկությամբ զբաղվող բոլոր կենտրոնները հնարավորություն ունեն հետևել՝ այս դոնորը քանի՞ անգամ է դոնոր եղել։ Նույնն էլ վերաբերում է սուրոգատ մայրությանը. նույն կինը չի կարող 3-ից ավելի անգամ սուրոգատություն անել, քանի որ կարող է վնաս հասցնել իր և երեխայի առողջությանը։  

Հ.Գ. Կառավարության՝ օրերս ընդունած որոշումից հետո, բարերարների աջակցությամբ անպտղությամբ տառապող զույգերին աջակցող «Հայ» ասոցիացան հայտարարություն տարածեց, որն ամբողջությամբ «Արմենպրես»-ը ներկայացնում է ստորև.

«Հարգելի շահառուներ, պայմանավորված ՀՀ կառավարության նոր որոշմամբ, ըստ որի՝ ընդլայնվում է պետական աջակցությամբ անպտղության հաղթահարման ծրագիրը, «Հայ» ասոցիացիան կփոխի իր ռազմավարությունը։

Բոլոր այն ընտանիքները, որոնք արդեն գործընթացի փուլում են, կշարունակեն ֆինանսավորվել ըստ նախատեսվածի, իսկ մնացած շահառուների դեպքում, ովքեր սպասում են իրենց հերթին, ժամանակավորապես կդադարի ֆինանսավորման ծրագիրը։

Այն ժամանակ, երբ հստակ կլինեն պետական հովանավորության թիրախային խմբերը, «Հայ» ասոցիացիան ևս կհստակեցնի իր շահառուների շրջանակը՝ հովանավորելով միայն այդ ընտանիքներին։

Մեր գործունեության հետագա քայլերի մասին պարբերաբար կտեղեկացնենք»։

 Նելլի Մարգարյան 

 









 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]