Միջազգային

Հարավային Կորեան նախազգուշական կրակոցներ է արձակել իր օդային տարածքը հատած հյուսիսկորեական անօդաչուների ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան նախազգուշական կրակոցներ է արձակել իր օդային տարածքը հատած հյուսիսկորեական անօդաչուների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան ռազմական ինքնաթիռներ և գրոհային ուղղաթիռներ է երկինք բարձրացրել և նախազգուշական կրակոցներ արձակել հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ, որոնք խախտել են իր օդային տարածքը: Այս մասին հաղորդում է ,«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Arabiya լրատվամիջոցին:

Ըստ Հարավային Կորեայի զինվորականների՝ Հյուսիսային Կորեայի անօդաչուները հայտնաբերվել են արևմտյան Գիմփո քաղաքի երկնքում, առավոտյան ժամը 10:25-ին (Երևանի ժամանակով 05։25-ին): Դրանք հատել են երկու Կորեաները բաժանող ռազմական սահմանազատման գիծը։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ հյուսիսկորեական անօդաչուներին դիմակայելու համար օդ բարձրացած KA-1 հարվածային օդանավը վայրէջքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել: Երկու օդաչուներին հաջողվել է փախչել. նրանք այժմ հիվանդանոցում են:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ 2017 թ.-ից ի վեր Հյուսիսային Կորեայի ԱԹՍ-ներն առաջին անգամ են մոտենում Հարավային Կորեայի օդային սահմանին:

Ավելի վաղ Yonhap գործակալությունը հաղորդել էր, որ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել Գիմփոյում, Գանգվադո կղզում և Փաջուում, ինչը հանգեցրել է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր դադարեցման Ինչհոնի և Գիմփոյի օդանավակայաններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում