Միջազգային

Կապիտոլիումի գրոհի հիմնական պատճառը եղել է Թրամփը. Կոնգրեսի հանձնաժողովի զեկույցը հետաքննության արդյունքների շուրջ

2 րոպեի ընթերցում

Կապիտոլիումի գրոհի հիմնական պատճառը եղել է Թրամփը. Կոնգրեսի հանձնաժողովի զեկույցը հետաքննության արդյունքների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը, որը 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա կատարված գրոհի հետ կապված հետաքննություն է անցկացնում, դեկտեմբերի 22-ին զեկույց է հրապարակել իր գործունեության արդյունքների վերաբերյալ:

Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: 845-էջանոց փաստաթղթի հրապարակման առնչությամբ հատուկ հանձնաժողովի նախագահ, Միսիսիպի նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Բենի Թոմսոնը հայտարարել է, որ ըստ զեկույցի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «որոշել է փորձել մնալ պաշտոնում բազմամաբաղադրիչ սխեմայի միջոցով, չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները և արգելափակել իշխանության հանձնումը:

Առկա վկայությունները մեզ տանում են համոզիչ և միանշանակ եզրակացության՝ հունվարի 6-ի իրադարձությունների հիմնական պատճառը եղել է մեկ մարդ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որին հետևել են շատերը։ Առանց նրա տեղի չէին ունենա հունվարի 6-ի իրադարձությունները»:

Թրամփի կողմնակիցները 2021 թվականի հունվարի 6-ին ներխուժել են Կոնգրեսի շենք՝ արգելելու երկրում 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը։ Շենքի ներսում անկարգությունների ժամանակ ոստիկանները գնդակահարել են կին ցուցարարի։ Բացի դրանից, արձանագրվել է ևս մի քանի հոգու մահ, որոնք որակվել են որպես բժշկական բնույթի արտակարգ պատահարներ: Բախումներից հետո մահացել Է նաև Կապիտոլիումի ոստիկանության մի աշխատակից։

Թրամփը համառորեն վիճարկում էր 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց հաղթող ճանաչվեց դեմոկրատ Ջո Բայդենը: Թրամփը և մի շարք այլ հանրապետականներ հայտարարել են քվեարկության ժամանակ շարունակվող խախտումների մասին: Նրանք բազմիցս դիմել են դատարաններ՝ մի շարք նահանգներում ընտրողների քվեների վերահաշվարկ կատարելու պահանջով։ Սակայն հանրապետականների գործողությունները հաջողություն չեն ունեցել, նրանց հայցերը մերժվել են դատարանների, այդ թվում՝ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում