Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից. Փաշինյանը նոր մանրամասներ ներկայացրեց

Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման 
առաջարկից. Փաշինյանը նոր մանրամասներ ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններին, որոնցով փորձ է արվում զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման միջեւ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձել է ՀՀ կառավարության նիստում ունեցած ելույթում:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակոտնյա գործողությունների եւ հայտարարությունների մեջ է մտնում Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը եւ փորձը զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման միջեւ: Ադրբեջանի նախագահը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու եւ նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ  2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, եւ սա հիմնավորվում է մի քանի փաստերով:

«Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ եւ 6-րդ կետերում գրված է «Լաչինի միջանցք», այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին:  Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ոչ Հայաստանի Հանրապետության որեւէ տարածքի, ոչ որևէ տեղանվան հիշատակում: Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլեւ 5 կիլոմետր լայնությամբ տարածք: 9-րդ կետում որեւէ նման տարածքի հիշատակում չկա եւ խոսք է գնում միայն տրանսպորտային հաղորդակցության մասին: Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:  9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը: Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին» թիվ 695 հրամանագրի 3-րդ կետով, որտեղ ասվում է. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը՝ իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար: Այսինքն, մեր սուվերեն որեւէ տարածքի նկատմամբ հսկողության եւ մեր սուվերեն որեւէ գործառույթի օտարման մասին խոսք չկա եւ չի կարող լինել: խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է, եւ միայն սա կարող է անել ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ստեղծվել է միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ անխափան եւ անվտանգ կապ ստեղծելու նպատակով՝ որպես անվտանգության երաշխիք, որպես կյանքի միակ եւ անայլընտրանք ճանապարհ:

«9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կապերը ապաշրջափակելու մասին է, եւ միայն այդ համատեքստում է հիշատակվում Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը, եւ այս հաղորդակցությունը, ըստ այդմ, տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացի մաս է: Սա ակնհայտ է դարձնում նաեւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի բացվածքն է, նրա իմաստը բացատրող փաստաթուղթ»,- մանրամասնեց վարչապետը:

Նրա խոսքով՝  անհրաժեշտ է արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են: «Այդ կետով Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որեւէ կոնկրետ երթուղի: Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է եղել եւ հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, եւ այդ նպատակով է շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին եւ այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջեւանի հետ: Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով, Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը: Սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը եւ Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից: Ընդ որում, նման մերժողականությունը բացարձակապես անհասկանալի է: Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում եւ տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք ուրեմն այդ հսկիչ անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք: Պարզ է, որ նրանք սկզբից կտատանվեն, սկզբից կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե Հայաստանի Հանրապետության թե Ադրբեջանական Հանրապետության քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից»,- ասաց ՀՀ վարչապետը:  

Խոսելով  նոր ճանապարհների կառուցման մասին՝ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը նման պարտավորություն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ հայտարարությամբ ու փաստաթղթով պարզապես չունի: «Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում: Եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը: Իսկ համաձայնություն չի կայանում միայն մի պատճառով. Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռքբերված պայմանավորվածություններին եւ ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն եւ գործողություններ»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ հատուկ ընդգծման կարիք ունի այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը, որի մասին նաեւ հրապարակային հայտարարություն է եղել: Ըստ այդմ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները եւ հստակ արձանագրել, որ երկաթուղին գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան:

Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվել այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումից: «Թվում էր, թե շատ պարզ իրավիճակ է. ընդամենը այն, ինչ հրապարային հայտարարվել է, պետք էր դնել թղթի վրա և ստորագրել, բայց Ադրբեջանը հրաժարվեց: Այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից, ու ես պաշտոնապես հայտարարում եմ՝ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը»,- ասաց Փաշինյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանի Հանրապետությունը գրավոր ձեւակերպել եւ Ադրբեջանին է փոխանցել դեռեւս 2021 թվականի դեկտեմբերին: «Ընդ որում, մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել: Եթե այդ առաջարկն էլ ընդունելի չի լինի Ադրբեջանի համար, մենք ունենք մեկ ուրիշ առաջարկ նույնպես»,- նշեց նա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am