Քաղաքականություն

Ռուստամյանի կարծիքով՝ եվրոպական արժեքներին ինտեգրվելու համար ՀՀ-ն նախ պետք է իրականացնի CEPA-ով նախատեսված բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Ռուստամյանի կարծիքով՝ եվրոպական արժեքներին ինտեգրվելու համար ՀՀ-ն նախ պետք է իրականացնի CEPA-ով նախատեսված բարեփոխումները

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Հայաստանը դեռևս չի իրականացրել Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 40 տոկոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուստամյանն այդ մասին ասել է ԱԺ-ում Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։ 

Ռուստամյանի խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում է ինտեգրվել եվրոպական արժեքներին, ապա պետք է նախ և առաջ իրականացնի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի CEPA-ով նախատեսված բարեփոխումները։

«Եթե ուզում եք եվրոպական արժեքներին ինտեգրվել, ապա դրանք հստակ ամրագրված են CEPA-ում։ Ո՞վ է մեզ խանգարում, որ ունենանք իրավական պետություն, ժողովրդավարական երկիր, պայքարենք կոռուպցիայի դեմ եվրոպական չափանիշներով, ապահովենք բազմակարծություն այդ չափանիշներով։ Եվ դրանք չարած՝ Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացը թա՞փ է առնելու։ Մեր վիճակը շատ հեռու է Եվրամիության չափանիշներից»,- ասաց Ռուստամյանը։ 

Ազգային ժողովը փետրվարի 11-ից սկսել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները։ Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում