Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման գործընթացը կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ. Թորոսյան

Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման գործընթացը կապում է հայ-ադրբեջանական 
հարաբերությունների հետ. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը անհրաժեշտ է համարում հայ-թուրքական կարգավորման հարցին չափավոր լավատեսությամբ մոտենալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, հայ-թուրքական կարգավորման ներկայիս գործընթացը, նկատո՞ւմ է ինչ-որ առաջընթաց, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ այդ գործընթացում մեծ, «վերամպային» սպասումներ պետք չէ  ունենալ` հաշվի առնելով նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը, որը տասնյակ տարիներ եղել է, բայց փաստացի չի ստացվել:

«Վերջին շրջանում Թուրքիայից հնչող բարձր մակարդակի հայտարարությունները խոսում են այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան ուղղակիորեն կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Նրանք, ճիշտ է, նշում են, որ  առանց նախապայմանների և այլն, բայց այդ նախապայման բառը, կարծում եմ, մեր քաղաքական օրակարգում կամ խոսույթում շատ արհեստական է մտնել, այդ բառը այդքան էլ տեղին չէ: Բայց Թուրքիան և Ադրբեջանը, լինելով, օրգանական կապված երկու պետություն, իրենց օրակարգերը համատեղ են առաջ մղում: Հիմա, եթե Ադրբեջանը կարողանում է  խնդրի, ստիպի կամ այնպես անի, որ Թուրքիան իր շահերը հաշվի առնի, ապա ստացվում է, որ այդ երկու գործընթացները (հայ-թուրքական և հայ-ադրբեջանական- խմբ.) կզարգանան համատեղ կամ չեն զարգանա»,- ընդգծեց Թորոսյանը:

Ըստ պատգամավորի՝ դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ երբ Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվում (օրինակ՝ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար), դրանք դանդաղ են տեղի ունենում կամ նույնիսկ տեղի չեն ունենում: Պատգամավորը գալիս է այն եզրահանգման, որ նույնիսկ պայմանավորվածությունները առկախվում են մինչև Թուրքիայի պատկերացրած գործընթացը հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունենա:

Պատգամավորը նաև անդրադարձավ ընդդիմախոսների այն թեզին, թե հայ-թուրքական սահմանի բացումը ավելի շատ Թուրքիային է ձեռնտու, քան Հայաստանին և, հետևաբար, Հայաստանը պետք է դեմ հանդես գա սահմանի բացմանը:

«Այդպես չի, մեզ ավելի շատ է պետք հայ-թուրքական սահմանի բացումը և, եթե հակառակը լիներ, Թուրքիան վաղուց սահմանը կբացեր»,- ընդգծեց Թորոսյանը՝ հավելելով, որ Թուրքիան ունի բազմաթիվ կոմունիկացիոն ուղղություններ և, եթե Հայաստանի հետ սահմանը փակ մնա, այդ երկիրը դրանից ոչինչ չի զգա՝ ոչ տնտեսական, ոչ քաղաքական առումով:

Պատգամավորի կարծիքով՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը ավելի շատ Հայաստանին է անհրաժեշտ՝ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական ծանր իրավիճակը, երբ ցանկացած ավել ճանապարհը խիստ անհրաժեշտ է  պետության կենսական խնդիրները լուծելու համար:

«Հիմա կանխատեսում են, որ աշխարհում սննդամթերքի ճգնաժամ է լինելու, և ոչ միայն ասում են այլ տեսնում ենք, որ այդ սննդամթերքի ճգնաժամը կա: Այսինքն՝ մեզ է անհրաժեշտ, որ հայ-թուրքական սահմանը բացվի և հարաբերությունները կարգավորվեն»,- եզրափակեց Թորոսյանը:

Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն էին անցկացրել Վիեննայում։ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։ Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։

Հեղինակ՝ Կարեն Խաչատրյան 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am