Կինոմիության շենքի բակում նախատեսվում է ռեստորան կառուցել. կինոգործիչներն արտահայտում են իրենց մտահոգությունը
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենքի բակի միջնամասում, որտեղ տարիներ շարունակ կինոյին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել, շինարարական աշխատանքներ են իրականացվում: Տարածքում նախատեսում են գարեջրատուն-ռեստորան կառուցել: Կինեմատոգրաֆիստների միությունը դա համարում է անօրինական և դիմել է դատարան, Երևանի քաղաքապետարան՝ գործընթացը կանխելու նպատակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեռ մայիս ամսին Վարչական դատարանը Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը կասեցնելու որոշում է կայացրել, սակայն շինարարությունը շարունակվում է. բետոնապատվում է ծառերից ու թփերից կտրված բակը: Կինեմատոգրաֆիստների միության դիմումները քաղաքապետարանի թեժ գծին արդյունք չեն տալիս:
Հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը միության նախագահ Հարություն Խաչատրյանը շեշտեց, որ բազմիցս դատարանների և իրավաբանների օգնությամբ ապացուցել են, որ շինարարությունն ապօրինի է, սակայն լուծում դեռ չի գտնվել:
«Մեր մշակութային օջախները մեծ հարվածի տակ են, որովհետև մարդիկ մտածում են, թե դրանք պետք է շատ շտապ վերածել սրճարանների և ռեստորանների»,-նշեց նա և ընդգծեց, որ իրենք իրավական բոլոր հիմքերն ունեն հաղթած համարվելու համար և չեն լռելու, պատրաստ են միջազգային բոլոր իրավաբանական հիմնարկներով անցնել:
Ըստ կինոգործիչների՝ այն, ինչ կատարվում է, հանցագործություն է Կինեմատոգրաֆիստների միության նման լուրջ կենտրոնի հանդեպ, որում արդեն 4-5 տարի է մեծ ներդրումներ են արվում: «Բարձիթողի մնացած Կինոյի տունը դարձել է լուրջ միջազգային մշակութային կենտրոն: Մենք նամակ ենք ուղղել ՀՀ վարչապետին, որը մեր վերջին հույսն է»,-ասաց Հարություն Խաչատրյանը:
Փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ նշեց, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ այդ այգում գարեջրատուն կառուցելու համար շինթույլտվություն է տվել: «Այգին օրինականացրել էին որպես միհարկանի ինքնակամ շինություն ինչ-որ մեկի անունով: Մենք դիմել ենք դատարան և վիճարկում ենք դա, դիմել ենք իրավապահ մարմիններին, քրեական գործ է հարուցվել կենտրոնի քննչականում, սակայն գործը կարծես քնեցվում է: Դատարանում վիճարկեցինք նաև շինարարության թույլտվությունը: Վիճարկելով՝ միջնորդեցինք, որ կասեցնեն շինարարությունը մինչև գործի ավարտը: Դատարանը սկզբից մերժեց մեր միջնորդությունը, հետո տասը ամիս գործը քննվեց, հետո եկան ու սկսեցին ծառերը կտրել, և մենք կրկին դիմեցինք դատարան: Տեղեկացրինք, որ ծառերը կտրել են, հաջորդ քայլը լինելու է հողի շերտը բետոնապատելը, այսինքն՝ անիմաստ է դառնում մեր դատական պաշտպանությունը: Դատարանը 2022 թվականի մայիսի 25-ին որոշեց կասեցնել շինարարության թույլտվությունը»,-պատմեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ որոշումն ուղարկվել է բոլոր կողմերին: Այն ստացել են և՛ կինոմիությունը, և՛ քաղաքապետարանը, և՛ կառուցապատողները: «Սա նշանակում է, որ այդ շինարարությունը չի կարող իրականացվել, բայց որոշ ժամանակ անց նորից ինձ ահազանգում են, որ շինարարությունը վերսկսվել է. հողը փորել են, ջրահեռացման խողովակներ են տեղադրում: Հուլիսի 11-ին կրկին դիմում-բողոքով դիմեցինք Երևանի քաղաքապետարանին՝ հիշեցնելով, որ դատարանը կասեցրել է շինարարությունը: Մինչ օրս արձագանք չկա»,-մանրամասները ներկայացրեց Մեժլումյանը:
Կարեն Մեժլումյանը շեշտեց՝ երբ քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը շինարարության թույլտվությունը տալիս էր, Հարություն Խաչատրյանը 2020 թվականի հոկտեմբերի 1-ին գրությամբ տեղեկացրել էր, որ իրենց տարածքում հնարավոր է ապօրինի կառուցապատում իրականացնեն, ուստի ճիշտ կլինի իրենց մասնակից դարձնել, խորհրդակցել մինչ շինարարություն կսկսվեր: «Քաղաքապետարանը Կինոգործիչների միությանը չի դարձրել մասնակից, տվել է թույլտվություն, ինչն անձի իրավունքի շատ կոպիտ խախտում է, որովհետև Վարչական վարույթի մասին օրենքով, եթե անձն ունի արդարացված շահագրգռվածություն, իսկ մենք դա ունենք, պետք է մասնակից դառնա»,-ընդգծեց փաստաբանը:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից էլ «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Վարչական դատարանը հուլիսի 26-ին որոշում է կայացրել բեկանել շինարարության կասեցման վերաբերյալ որոշումը, ուստի այս պահին Կինոմիության այգում իրականացվող շինարարությունն օրինական է: Այդ մասին ծանուցվել են թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ կառուցապատողը:
Տեղեկանալու համար Կինոմիությունն ստացե՞լ է Վարչական դատարանի՝ մայիսին կայացրած որոշումը բեկանելու մասին որոշման փաստաթուղթը, զանգահարեցինք միության նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանին: Նա նշեց, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ո՛չ միությունը, ո՛չ փաստաբան Կարեն Մեժլումյանը որևէ տեղեկություն չեն ունեցել դատարանի նոր որոշման մասին: «Մենք այդ մասին իմացանք պատահաբար, երբ իջանք այգի: Հայտնվեց կառուցապատողն ու ցույց տվեց որոշումը, որով Վարչական դատարանը բեկանել է շինարարության կասեցման վերաբերյալ որոշումը: Զարմանալի է, որ մենք նիստի մասին չենք իմացել, այնինչ որպես կողմ պետք է տեղեկացված լինեինք ու ներկա լինեինք նիստին՝ մեր տեսակետը ներկայացնելու համար»,-նշեց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ դիմելու են Հակակոռուպցիոն հանձնաժողովին, բողոքարկելու են կայացված որոշումը դատական բոլոր ատյաններով, եթե չկարողանան հաղթել, դիմելու են միջազգային դատարան և Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին՝ դեսպանություններին, Եվրամիության գրասենյակին և այլն:
Չորս կողմից շենքերով շրջափակված, շինություններից ու կառույցներից ազատ, կանաչապատ ներքին բակի հողամասը խորհրդային տարիներից օգտագործման իրավունքով պատկանել է Կինեմատոգրաֆիստների միությանը: Բակի մի կողմում Հենրիկ Մալյանի անվան թատրոնն է, մյուս հատվածում՝ «Շարմ» ընկերությունը, մյուս կողմում կինոյի տան մեծ դահլիճն է, կոնֆերանսների դահլիճը, բուխարու սրահը, որտեղ կինոարվեստի հարյուրավոր ներկայացուցիչներ են այցելել, ստորագրել են պատերին ու իրենց բարեմաղթանքներն ուղղել կինոմիությանը: