Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առանց ֆունդամենտալ գիտելիքի մրցունակ չենք լինի․ լույս կտեսնի «Կրթությունը Հայաստանի ՏՏ ոլորտում կամ անկեղծ զրույց ուսանողների հետ» գիրքը

Առանց ֆունդամենտալ գիտելիքի մրցունակ չենք լինի․ լույս կտեսնի «Կրթությունը 
Հայաստանի  ՏՏ ոլորտում կամ անկեղծ զրույց ուսանողների հետ» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն շրջանավարտները, որոնք ուզում են բուհում ՏՏ ոլորտային ֆակուլտետ ընդունվել, որպես կողմնորոշող գրականություն կարող են ընթերցել ծրագրավորող, դասախոս և փիլիսոփա Վահրամ Մարտիրոսյանի «Կրթությունը Հայաստանի  ՏՏ ոլորտում կամ անկեղծ զրույց ուսանողների հետ» գիրքը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում հեղինակը նշեց՝ գիրքը նաև կօգնի այն ուսանողներին, ովքեր ոլորտային ֆակուլտետ են ընդունվել սպասելիքներով, որոնք չեն արդարանում։ 

«Գիրքը կարդալիս կհասկանան, թե ինչ է իրենց սպասվում, որպեսզի ճիշտ ակնկալիքներ  ունենան, որ չհիասթափվեն, դառնան իրենց պատկերացրած ծրագրավորողը։ 60-ից 80 ական թվականներին Երևանում և այլ քաղաքներում համակարգիչներ էին արտադրվում․ Արագած, Հրազդան, Նաիրի։ Ո՞վքեր էին արտադրում այդ համակարգիչները։ Բուհը հենց այդ մասնագետներին է պատրաստում։ Տալիս է ֆունդամենտալ գիտելիքներ։ Ուզում եմ, որպեսզի ուսանողը գիտակցի, որ եկել է բուհ, վերցրել է պարտավորությունն ու պատասխանատվությունը, որ վաղվա ՏՏ-ն իր ուսերի վրա է, և, եթե ինքը ճիշտ ձևով մոտենա ոլորտին մենք կունենանք այն ՏՏ-ն, որը մենք կարող ենք և պետք է ունենանք, երկիրն էլ մրցունակ կլինի ոլորտում։

Ուսանողը պետք է կարևորի ֆունդամենտալ կրթությունը։ Եթե մենք կորցնենք ֆունդամենտալ գիտելիքը, միայն կիրառական գիտելիքով մենք ոչ մի տեղ չենք գնա ու ոչ մեկին մրցակից չենք լինի»,- նշեց Մարտիրոսյանը։   

Գրքի հեղինակն ավելի քան 20 տարի զբաղվում է ծրագրավորմամբ, դասավանդում է ԵՊՀ-ում, հիմնադրել է «ՄյուտԷքս» համակարգային ծրագրավորման դպրոցը։ Գիրքը գրելով՝ ցանկացել է լրացնել բուհական համակարգում առկա բացերը։ Մարտիրոսյանը ընդգծում է՝ ինքը ներսից է դիտարկում ուսումնական պրոցեսը և ավելի քան 20 տարի առաջացած իրավիճակները դիտարկման տակ է պահում։   

«Եղած բացերը որպես խնդիր դիտարկելը այդքան էլ ճիշտ չեմ համարում. ես դրանք իրավիճակ եմ կոչում։ Եթե տան ազատություն, որ ուսանողներին դասախոսը ընտրի, մեկ կիսամյակի փոխարեն երկու կիսամյակ դասավանդվի տվյալ առարկան, հավանաբար նման իրավիճակ չենք ունենա։ Իրավիճակը համակարգային է։ Կա ուսումնական պլան, որի հետ պետք է հասցնենք»,-ասաց նա։ 

Բացի նոր գրքից, Մարտիրոսյանը ևս երեք գիրք ունի։ Գրքերը իր կուտակած փորձի հակիրճ տարբերակներն են։ Անկեղծանում է՝ երբ միտքը պետք է լինում գրավոր շարադրել, լրիվ ուրիշ ձև է ստացվում, քան երբ ուղղակի դասի ժամանակ խոսում է։

«Տարբեր լսարաններում, բուհերում, ուսումնական կենտրոններում դասավանդելով՝ ես հետադարձ կապ եմ ստանում։ Տարբեր լսարաններում դասավանդվող նյութը պետք է լինում տարբեր ձևերով մատուցել, անհրաժեշտ է լինում նույն թեման երեք անգամ անցնել, այս ամենը ինձ թույլ է տալիս համակարգային կերպով հասկանալ ուսանողին, հայտնվել նրա տեղում։ Մի օր էլ մտածեցի, թե ինչ կլինի, եթե այն,  ինչ պետք է բանավոր ասեմ, գրքի վերածեմ»,- նշեց հեղինակը։ 

Մարտիրոսյանի նախորդ երեք գրքերից երկուսը ռուսերեն են, մեկը՝ անգլերեն։ Ասում է՝ դժվար է ու ճիշտ չի համարում տեխնիկական գրականությունը հայերեն թարգմանել, որովհետև ծրագրավորման լեզուն անգլերեն է։ Նոր գիրքը գրելիս՝  այդ խնդրի առջև չի կանգնել, քանի որ այն տեխնիկական չէ։ Գիրքը փիլիսոփայական ուղղվածություն ունի։

«Կրթությունը Հայաստանի  ՏՏ ոլորտում կամ անկեղծ զրույց ուսանողների հետ» գիրքը հենց զրույցի հիման վրա է գրել։ Զրույցները ձայնագրել է, հեղինակի կինն էլ օգնել է ձայնագրությունները սղագրելու հարցում։ 

«Հաճախ կամ գրեթե միշտ ուսանողները բուհ, իսկ ավելի կոնկրետ տվյալ ֆակուլտետ մտնելով, չգիտեն, թե ուր են եկել, ինչու են իրենք այս կամ այն առարկաները սովորում, ինչ սպասումներ պետք է ունենան, ինչու է այնպես ստացվել, որ իրենք սխալ սպասումներով են եկել բուհ և ի վերջո իրենք ինչ մասնագետ պետք է դառնան։ Գրքում փորձել եմ իրենց ուղղորդել այդ անհասկանալի ու քաոտիկ իրավիճակում, որ, այնուամենայնիվ, ունենան պատկերացում, թե ուր են գնալու, որովհետև այն առարկաները, որոնք անցնում են ու որոնք ներառված են ուսումնական պլանում, նրանց չի դարձնելու իրենց պատկերացրած ծրագրավորողը»,- նշեց նա։ 

Գիրքը կարող են ընթերցել և՛ 1-2-րդ կուրսի ուսանողները,  և՛ նոր ընդունվել պատրաստվող դիմորդները։ Մարտիրոսյանի խոսքով՝ եթե դիմորդը մտածում է գալ բուհ և դառնալ ծրագրավորող, ապա առաջանում է հարց՝ արդյոք անհրաժեշտ է՞ տվյալ մասնագիտությունն ունենալու համար բուհ ընդունվել։

Մարտիրոսյանը ընդգծում է՝ գրքի անհրաժեշտությունը զգացել է քննությունների ընթացքում։ Հասկացել է, որ կան շատ ուսանողներ, որոնք նույնիսկ չեն հասկացել, թե ինչու են անցնում կոնկրետ իր դասավանդած օպերացիոն համակարգեր առարկան։ Ուսանողները գալիս են առաջին քննություններից հետո, հասկանում են, որ իրենք սխալ տեղում են։

«Ես էլ, երբ ընդունվեցի համալսարան, չէի հասկանում՝ ուր եմ եկել, արդյոք սովորելով բուհում կոնկրետ դասավանդվող առարկաները՝ կդառնամ ծրագրավորող։ Վստահում էի, որ եթե մենք այս առարկաներն ենք անցնում, ուրեմն ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ մտածել է, որ սրանք պետք են։ Հիմա ես եկել, առերեսվել եմ այդ իրականությանը։ Ես, վստահելով դասախոսներին, վստահելով կառույցին, լավ եմ սովորել, ավարտել եմ ու չեմ հասկացել՝ ինչ դարձա, բայց վերցրել եմ գիտելիքի այդ պաշարը ու տարիների ընթացքում վերլուծել և հասկացել եմ։ Գիրքն ընթերցելով՝ կհասկանանք, թե համալսարանում սովորած առարկաներից յուրաքանչյուրը որտեղ կարելի է կիրառել։ Երրորդ գլխում վերցրել եմ բոլոր առարկաները, որոնք անցնում են ոլորտային ֆակուլտետներում և առանձին բացատրել, թե ինչի համար է այն պետք, որտեղ է կիրառվելու և ուր է այն տանելու»,- ասաց հեղինակը։ 

Մարտիրոսյանի խոսքով՝ գիրքը շուտով հնարավոր կլինի գտնել գրախանութներում և գրադարաններում։ 

Կարինե Տերտերյան 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]