Միջազգային

Էրդողանը Պուտինին հայտնել է, որ չի ընդունում Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

2 րոպեի ընթերցում

Էրդողանը Պուտինին հայտնել է, որ չի ընդունում Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կրեմլից հայտնել են, որ կողմերը փոխանակվել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմամբ պայմանավորված իրավիճակի շուրջ գնահատականներով: «Վլադիմիր Պուտինն ընդգծել է նման որոշում կայացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ Դոնբասում ուկրաինական իշխանությունների ագրեսիայի և Մինսկի համաձայնագրի պայմանները կատարելուց հրաժարվելու պայմաններում»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Թուրքիայի նախագահականից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի որոշումը՝ ճանաչելու երկու հանրապետությունները: «Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան չի ճանաչում քայլերը, որոնք հակասում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նա ընդգծել է, որ դա սկզբունքային դիրքորոշում է, իսկ արդյունքների պետք է հասնել Մինսկի համաձայնագրերի հիման վրա: Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ իրադրության լարումը, մասնավորապես ռազմական հակամարտությունը ոչ մեկին օգուտ չի տա»,- հայտնել են Թուրքիայի նախագահի լրատվական ծառայությունից: Էրդողանը տեղեկացրել է, որ առաջիկայում ակնկալում է Պուտինի այցը Թուրքիա:

Կողմերը պայմանավորվել են շարունակելու շփումները տարբեր ձևաչափերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում