Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

Լուկաշենկոն համոզված է, որ ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների շնորհիվ Ղազախստանում կանխվեց գունավոր հեղափոխությունը

Լուկաշենկոն համոզված է, որ ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների շնորհիվ Ղազախստանում 
կանխվեց գունավոր հեղափոխությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ձեռնարկված միջոցառումները արդյունավետ խոչընդոտ դարձան հերթական գունավոր հեղափոխության ճանապարհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանից ժամանած խաղաղապահ ուժերի հետ հանդիպման ժամանակ:

«Ձեր առաքելության հաջողությունը կարելի է գնահատել որպես արյդունավետ մեխանիզմի գործադրում այսպես կոչված գունավոր հեղափոխությունների դեմ պայքարում»,- «Բելտա»-ի փոխանցմամբ, ասել է Լուկաշենկոն:

Նա կարծիք է հայտնել, որ Ղազախստանի առաջ ծառացած սպառնալիքները ընդհանուր են հետխորհրդային երկրների համար:

«Մենք հասկանում ենք, որ մեզ համար եղբայրական հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններն անկախ պետությունների ներքին գործերին խառնվելուն ուղղված հերթական արտաքին միջամտության փորձն էր»,- ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Ղազախստանը բախվել է պատրաստված ահաբեկչական խմբերի ռազմական ագրեսիայի հետ՝ նշելով, որ այդ խմբերը ավելի վաղ պատրաստվել են տարբեր թեժ կետերում:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան էին ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում էին 100 հայ զինծառայողներ:

Հունվարի 13-ից սկսվել էր Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]