Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». Վանո Սիրադեղյանի «Դուռը» առաջատար. հայ գրականություն, նոյեմբեր, 2021

«Երևանյան բեսթսելեր». Վանո Սիրադեղյանի «Դուռը» առաջատար. հայ գրականություն, 
նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է Վանո Սիրադեղյանի «Դուռը»։ Վանո Սիրադեղյանը նախորդ դարավերջի ամենատաղանդավոր և ընթերցված-սիրված արձակագիրներից մեկն է՝ այլևս դատապարտված այդպիսին մնալու։ Նրա արձակը որքան դասական, այնքան էլ ժամանակակից է։ Պատմություններ մարդկանց, նրանց մտածողության, խնդիրների, երազանքների ու ապրումների մասին։ «Դուռը» ժողովածուն ամփոփում է հեղինակի բոլոր նախորդ գրքերում («Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Երկիր։ Ցպահանջ») տեղ գտած պատմվածքները՝ այսպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի՝ ընթերցողին հայտնի ստեղծագործությունների համահավաք ժողովածու։

Երկրորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի դեպքում, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի...»:

Չորրորդ տեղում է Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին տարիների գործերը։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքների թեմաները չունեն ընդհանուր ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Հովիկ Չարխչյանի «Չարենց և Արﬔնուհի. Սիրախաղ կրակի հետ» գիրքը հինգերորդ տեղում է։ Գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Արﬔնուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու ﬕնչ օրս անհայտ փաստերի հիման վրա: Բարդ ու կորստաբեր ժամանակներում անսպասելիորեն ծնունդ առած բուռն զգացմունքներին վիճակված էր անցնել ﬔծ փորձությունների, դժվարին երկընտրանքների ու անխուսափելի հանգուցալուծուﬓերի ﬕջով: Սիրո և իրականության առճակատումը, կարծես թե, անխուսափելի էր դարձնում մարդկային նուրբ հույզերի և լուսավոր իղձերի պարտությունը: Սակայն իրենց անձնական ողբերգությամբ ու ծանր կորուստներով հանդերձ հերոսները ﬕնչև վերջ հավատարիմ են ﬓում երկու ոգեղեն պաշտամունքներին` սիրուն և բանաստեղծությանը:

Վեցերորդ տեղում է Լիլի Մկրտչյանի «Թեյահոլիզմ»-ը: Գրքում ամփոփված 11 պատմվածքներից յուրաքանչյուրը ներկայացնում է մի հերոսի կյանքի պատմություն՝ միջանձնային հարաբերությունների, անձնական մտորումների և ընթերցողի հետ երկխոսության միջոցով։ Պատմվածքները, լինելով առանձին և անկախ պատմություններ, մի կետում մեկտեղվում են և դառնում մի մեծ, ամբողջական պատմության մաս։ Գրքի առանցքային ասելիքներից մեկը նկատելուն ուղղված հաղորդագրությունն է՝ կյանքի սյուժետային գծերի միջև նկատել նաև լրացնող նրբերանգները, ավելի լավ ճանաչել մարդուն, նրա շուրջ հյուսվող կյանքն ու աշխարհը։

Վանո Սիրադեղյանի «Երկիր. ցպահանջ»-ը և Ավետիս Հարությունյանի «Գյադաների ժամանակը»-ը ամփոփող գիրքը յոթերորդ հորիզոնականում է: «Երկիր. ցպահանջում» ընդգրկված են Սիրադեղյանի երեք պատմվածքները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներ:  

Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» ութերորդ հորիզոնականում է: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» իններորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ գաղտնազերծված է 20-րդ դարի լեգենդար հետախույզ գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունը ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը բարձրացրել են նոր մակարդակի։

Տասներորդ տեղում է Վահան Թոթովենցի «Բաքու»-ն: Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ…

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Վանո Սիրադեղյան

«Դուռը»

հեղ․հրատ  130
2 0

Գոհար Նավասարդյան

«Ինձ պիոններ չնվիրես» 

հեղ․հրատ 49
3 +3

Վազգեն Սարգսյան

«Էս ի՞նչ եք անում, տղերք»  

Վերնատուն 49
4 -3

Սյունե Սևադա

«Կախվածություն»   

Էջ 45
5 նոր

Հովիկ Չարխչյան

«Չարենց և Արﬔնուհի. Սիրախաղ կրակի հետ»

Անտարես 37
6 -3

 Լիլի Մկրտչյան

«Թեյահոլիզմ»

հեղ․հրատ 32
7 *

Վանո Սիրադեղյանի

«Երկիր ցպահանջ»-ը և Ավետիս Հարությունյանի «Գյադաների ժամանակը»

հեղ․հրատ 30
8 -3

Աշոտ Աղաբաբյան

«Մենակը» 

հեղ․հրատ 28
9 0

Աշոտ Աղաբաբյան

«Գաղտնիքների տիրակալը»  

հեղ․հրատ 21
10 -5

Վահան Թոթովենց

«Բաքու»

Էդիթ Պրինտ 21

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]