Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նիդեռլանդները պատրաստ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը

Նիդեռլանդները պատրաստ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական 
բարեփոխումների առաջմղմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների կառավարությունը պատրաստ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը՝ օգնելով գտնել մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը առնչվող շատ հարցերի պատասխաններ, որոնք փնտրում են նաև Նիդեռլանդներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասաց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը՝ ելույթ ունենալով իբրև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Հետպատերազմյան մարտահրավերներ. քաղաքական, իրավական, տնտեսական և հումանիտար ասպեկտներ» խորագրով անվտանգային ֆորումի պատվավոր հյուր:

Դեսպանի գնահատմամբ՝ Հայաստանը որոշակի առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում, սակայն հետպատերազմյան շրջանում տեղի են ունեցել քաղաքական շփոթ առաջացնող իրադարձություններ:

«Առաջացել էր որոշակի խառնաշփոթ, և մենք բոլորս դրան արձագանքել ենք, իմ գործընկերները դիտարկում էին ամենատարբեր զարգացումներ: Մենք հանդիպում ենք ունեցել վարչապետին կից գլխավոր շտաբի ղեկավարի հետ: Բոլորս հասկանում ենք, որ պատերազմ է եղել, շատ էմոցիոնալ, լուրջ իրավիճակ է տիրում, և «օդափոխման», այսինքն՝ երկրին նոր շունչ տալու կարիք կա: Մենք՝ հոլանդական կառավարությունը,  պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին, որպեսզի բարեփոխումները տեղի ունենան, որպեսզի կարողանանք առաջ մղել ժողովրդավարությունը, օգնենք Հայաստանին և փորձենք պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց պատասխանները մենք էլ ենք փնտրում», - նշեց Նիկո Սխերմերսը:

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերին՝ դեսպան Նիկո Սխերմերսը կարծիք հայտնեց, որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ փոքր տնտեսական առումով բավական փոքր պետություններ են համագործակցության համար, այդ իսկ պատճառով եվրոպական երկրների հնարավորությունները սահմանափակված են մեր տարածաշրջանի երկրների հետ լիարժեք հարաբերություններ զարգացնելու առումով:

«Հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ ինչ-որ չափով սահմանափակ է, և պետք է ընդունել, որ Բրյուսելում, Եվրոպայում հետաքրքրությունը ավելի մեծ է ավելի խոշոր տնտեսություններ ունեցող երկրների նկատմամբ», - մեկնաբանեց դեսպանը:

Այդուհանդերձ, Նիդեռլանդները և Հայաստանը, ըստ բանախոսի, մի շարք բնագավառներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, ՏՏ-ի, զբոսաշրջության, ժողովրդավարության զարգացման ոլորտներում համագործակցելու մեծ ներուժ ունեն:

«Երևի թե գիտեք, որ Նիդեռլանդները իր գյուղատնտեսական ապրանքների արտահանման ակտիվությամբ երկրորդն է աշխարհում, և կարծում եմ, որ Հայաստանը նույնպես ունի առաջարկելու շատ բան այս ոլորտում, և պետք է ամեն ջանք գործադրել այդ ներուժը առավելագույնի հասցնելու համար», - ասաց Նիդեռլանդների դեսպանը:

 

Արամ Սարգսյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am