Հասարակական

ԶՈւ տարբեր ստորաբաժանումները քայլերթեր իրականացրին Երևանի փողոցներում

2 րոպեի ընթերցում

ԶՈւ տարբեր ստորաբաժանումները քայլերթեր իրականացրին Երևանի փողոցներում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ քայլերթեր իրականացրին Երևանի տարբեր վարչական շրջաններում ու տարբեր փողոցներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զինվորականները քայլերթերն իրականացրին ՀՀ ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբի ուղեկցությամբ։

Քայլերթերը տեղի են ունեցել Նոր Նորք, Դավիթաշեն, Կենտրոն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում։ Կենտրոն վարչական շրջանում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները քայլերթը սկսեցին Մաշտոցի պողոտայից՝ Ֆրանսիայի հրապարակից և հասան Ամիրյան փողոց։

Երթն ուղեկցվում էր հետաքրքրասերների բազմությամբ, ովքեր տեսանկարահանում էին զինծառայողներին ու զինվորական նվագախումբը՝ երգելով Հայաստանին նվիրված երգերը: Մարիաննան, որը ոգևորությամբ նկարահանում էր շքերթը, ասաց՝ իր համար անկախությունը բարձրագույն արժեք է: Նա շնորհավորեց բոլոր հայերին տոնի առթիվ՝ մաղթելով կապույտ երկինք: Հայկն էլ ասաց, որ շատ է գնահատում անկախությունը, որին Հայաստանը դժվարությամբ է հասել:

«Անկախությունը ձեռք է բերվում հայրենասիրությամբ, իսկ հայրենասիրությունը՝ դաստիարակությամբ ու կրթությամբ: Հույս ունեմ՝ բոլորս գիտակցում ենք դա և ամեն ինչ կանենք՝ պահպանելու համար մեր ազատությունն ու անկախությունը»,- նշեց նա:

Քայլերթեր են տեղի ունեցել նաև Գարեգին Նժդեհ, Մայիսի 9 փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի հրապարակ, Տիգրան Պետրոսյան փողոցից մինչև Սասնա ծռերի փողոց, Ազատության պողոտայից մինչև Բաբայան փողոց, Էրեբունու հրապարակից մինչև Ազատամարտիկների փողոց, Էրեբունի հրապարակից Ազատամարտիկների փողոց հատվածներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում