Միջազգային

ԱՄՆ-ն Ֆրանսիային «կենսական կարևոր գործընկեր» է անվանել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ֆրանսիային «կենսական կարևոր գործընկեր» է անվանել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Ֆրանսիան համարում են «կենսական կարևոր գործընկեր» և սերտ շփման մեջ են ֆրանսիական կողմի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Ֆրանսիայի կողմից իր դեսպանին խորհրդակցությունների համար Փարիզ կանչելու որոշման ֆոնին:

«Մենք սերտ կապի մեջ ենք մեր ֆրանսիացի դաշնակիցների հետ, հասկանում ենք նրանց դիրքորոշումը, տեղյակ ենք դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ՝ Փարիզ կանչելու ծրագրերի մասին»,- ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման՝ հայտնել է Փրայսը:

«Ֆրանսիան կենսական կարևոր գործընկեր է և մեր հնագույն դաշնակիցը, մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերություններին: Տրանսատլանտյան դաշինքը ավելի քան 70 տարի նպաստել է աշխարհում անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանը, մեր հանձնառությունն այդ կապերին ու մեր համատեղ աշխատանքին աներեր է»,- ասել է Փրայսը:

Նա նշել է, որ կա մտադրություն առաջիկա օրերի ընթացքում քննարկելու հարցը բարձրագույն մակարդակով, այդ թվում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում:

Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում