Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնության դեպքը

Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնության դեպքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է Խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնության դեպքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ բռնությունը արդարացում չունի և Ազգային ժողովը այն տեղը չէ, որտեղ բռնություն պետք է կիրառվի:

Ալեն Սիմոնյանը նաև հայտնեց, որ քննարկման առարկա են դարձել այն իրավիճակները, որոնց ականատես են եղել վերջին օրերին և որոշակի լուծումներ են գտնելու այդ իրավիճակներից խուսափելու համար:

«Մասնավորապես, օրինակ, համարում եմ, որ անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հրավիրելը։ Քննարկել եմ գործընկերներիս հետ և, եթե կրկին նման իրավիճակ լինի, կարծում եմ՝ որևիցե ձևով պետք է լրագրողներին այնտեղից չհանենք։ Կա կարծիք, որ ճիշտ չէ՝ պատգամավորների կամ որևիցե մեկի լուսանկարը, տեսանյութը այն վիճակում, երբ իրեն հարվածում են կամ գետնին է ընկնում, եթեր դուրս գա»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, առաջնայինը պետք է քննարկել այն, որ խուսափեն նման վիճակներից:

Ազգային ժողովում օգոստոսի 25-ին ընդմիջման ժամանակ «Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև  քաշքշուկ և ծեծկռտուք է տեղի ունեցել: Բարձր ամբիոնից ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, երբ պատգամավորներից մեկը տեղից սկսեց արձագանքել Վահե Հակոբյանին, իր հերթին Վահե Հակոբյանն արձագանքեց. «արա-ն դու ես, այ տվար»:

Այդ արտահայտությունից հետո նորից խորհրդարանում իրավիճակը  թեժացավ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց, որին էլ հաջորդել է պատգամավորների միջև ծեծկռտուքը:

Մինչ այդ ԱԺ-ում ևս մեկ միջադեպ էր գրանցվել: Կառավարության ծրագրի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ նետեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են: Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ էր նետել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am