Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է, որ Ալեն Սիմոնյանի հետ բացարձակ որևէ անձնական խնդիր չկա։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պատկերացումներ կան ԱԺ ներկայիս նախագահի հետագա գործունեության վերաբերյալ, Փաշինյանը նշել է, որ այդ հարցը կքննարկվի և որոշում կկայացվի ինչպես քաղաքական թիմի կողմից, այնպես Սիմոնյանի։
«Մենք մեր կարծիքները կհամադրենք կամ, եթե չհամադրվի, կքննարկենք կտեսնենք»,-նշել է Փաշինյանը` կարևորելով քաղաքական թիմում նախկին բարձր պաշտոնյաներ ունենալը։
«Շատ կարևոր է, որ, որպես քաղաքական թիմ, ունենանք ոչ միայն այդ կարգավիճակում գտնվող, այլ նաև նախկինում այդ կարգավիճակում գտնված անձինք, որովհետև դա ի վերջո փորձ է։ Այս պահին մեր թիմում ԱԺ երկու նախկին նախագահներ կան, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա և այդպես շարունակ։ Դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում»,-ասել է վարչապետը։
Ավելի վաղ ՔՊ-ն Ազգային ժողովի նախագահի պաշտոնի թեկնածու էր ընտրել Ռուբեն Ռուբինյանին, իսկ փոխնախագահի թեկնածուներ՝ Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը: