Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պարեկային ծառայությունը սկսում է աշխատանքը Երևանում. խորքային ուսումնասիրվել է մի շարք զարգացած երկրների փորձը

Պարեկային ծառայությունը սկսում է աշխատանքը Երևանում. խորքային 
ուսումնասիրվել է մի շարք զարգացած երկրների փորձը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պարեկային ծառայությունը հուլիսի 7-ից սկսում է իր աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերապատրաստված պարեկային 700  ծառայող առաջին անգամ դուրս են եկել Երևանի փողոցներ հասարակական անվտանգությունը ապահովելու համար:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը նշեց, որ շատ պատասխանատու օր է իրենց համար, քանի որ և պարեկային ծառայության փիլիսոփայությունը և պարեկային ծառայության առջև դրված խնդիրները հիմնովին տարբերվում են այն խնդիրներից, որոնք մինչև այժմ ոստիկանության արտաքին ծառայությունները իրականացրել են:

«Եվ անձնակազմը, և ղեկավար կազմը ունեն պատասխանատվության շատ մեծ զգացում: Հստակ պատկերացնում ենք, թե ինչ է մեզանից սպասում հասարակությունը և առհասարակ ինչ խնդիր ունենք լուծելու և կարճաժամկետ, և երկարաժամկետ կտրվածքով: Պարեկային ծառայողները լինելու  են ամեն տեղ, անելու են ամեն ինչ` այն, ինչ վերաբերվելու է հասարակության անվտանգության ապահովմանը: Պարեկները շրջելու են և հետիոտն խմբերով, և ավտոմեքենաներով, կարգավորելու են պիկ ժամերին Երևան քաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը»,- ընդգծեց Ումրշատյանը:

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետը բարձր է գնահատում պարեկային ծառայողների պատրաստվածության մակարդակը, որոհետև այն ծրագրերը, որոնք անցել են 5 ամսվա ընթացքում, մշակվել են միջազգային ստանդարտներին համապատասխան:

«Արտասահմանյան գործընկերների կողմից հստակ չափորոշիչներ է սահմանված եղել, և մասնակիցները քննություններով ապացուցել են, որ արժանի են լինել պարեկային ծառայող»,- շեշտեց Ումրաշատյանը՝ հավելելով որ առայժմ Երևան քաղաքն է պարեկային ծառայության տիրույթում, սակայն ռազմավարության համաձայն` պարեկային ծառայությունը ընդլայնվելու է տարբեր մարզերում:

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետը կոչ արեց քաղաքացիներին փոխել վերաբերմունքը ոստիկանության արտաքին ծառայության հանդեպ, որովհետև ցանկացած պարեկ, ով կրում է պարեկի համազգեստը, ով անցել է դասընթացները, հստակ պատկերացնում է՝ ինչ խնդիրներ կան իր առջև դրված:

Արդարադատության  նախարարության միջազգային իրավական համագործակցությունը համակարգող խորհրդական, Ոստիկանության բարեփոխումների համակարգող Ամալյա Հովսեփյանը պատմեց, որ պարեկային ծառայության ներդրման գործընթացը սկսվել է 2020 հունվարից, երբ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել էր, որ պետք է ոստիկանությունում իրականացվեն համակարգային և առանցքային փոփոխություններ: Ըստ նրա` խոսքը ոչ թե զուտ որոշակի անուններ, կառուցվածքներ, ստորաբաժանումներ փոխելու, այլ հենց բովանդակային փոփոխությունների մասին էր:

«Մեր հասարակարգը, հասարակության պահանջմունքները և պահանջները փոխվել են, սակայն,այդուհանդերձ, մինչ օրս ոստիկանությունը շարունակում էր տրամադրել հին, խորհրդային հասարակարգին բնորոշ ծառայություն, ինչը չէր համապատասխանում մեր այսօրվա կարիքներին: Փոփոխությունը սկսվեց հենց այստեղից: Իհարկե, բավականին լուրջ և երկարատև գործընթացներ անցնելով` լինի իրավական դաշտում փոփոխություններ և նոր օրենսդրական նախաձեռնություններ, կառուցվածքային ստորաբաժանումներում փոփոխություն, մարդկանց ներգրավման հետ կապված փոփոխություններ, այդուհանդերձ, փոփոխությունը մեկն է` ունենալ քաղաքացուն միտված, քաղաքացուն հարգող, քաղաքացու կարիքները բավարարող և ծառայություն մատուցող ոստիկանություն: Դա այսօրվա պարեկային ծառայությունն է, որը հուլիսի 7-ից տեսնելու ենք Երևանի փողոցներում»,- ընդգծեց Հովսեփյանը:

Խոսելով պարեկային ծառայության ներդրման գործընթացների մասին` Հովսեփյանը նշեց, որ բավականին համընդգրկուն էր և համակարգային. միայն համազգեստն ու ավտոմեքենան չէր փոխվում, փոխվում էր ծառայության ամբողջ փիլիսոփայությունը և տրամաբանությունը, իսկ դրա համար անհրաժեշտ էր «նոր արյուն» ներգրավել:

«Մենք ուղղակի չենք վերցրել հին ճանապարհային ոստիկաններին կամ պարեկապահակետային ծառայությունը և նոր համազգեստ հագցրել և բերել  այստեղ: Գործընթացը նորովի սկսվեց հենց  նոր ծառայողների ներգրավումից. կատարվեց բաց հայտարարություն` յուրաքանչյուր քաղաքացի, ով բավարարում էր այդ  շատ մինիմում պահանջներին կարողացավ դիմել: Մոտ 2500 դիմորդները 770 տեղի համար  անցան չորս փուլից բաղկացած թեստավորում` IQ թեստեր, ֆիզիկական պատրաստականության թեստեր, անհատական հարցազրույցներ, և այդ ամենի արդյունքում ունեցանք 770 ընտրված մարդիկ, ովքեր հինգ ամսից ավել անցան այնպիսի վերապատրաստման կուրս, որ Հայաստանում երբևէ որևէ կառույց չի ունեցել: Բավականին խիստ ուսուցման արդյունքում  ունեցանք 10 տոկոս հերթական փուլ չանցնողներ»,- հավելեց Հովսեփյանը:

Արդարադատության  նախարարության միջազգային իրավական համագործակցությունը համակարգող խորհրդականը հայտնեց, որ ամբողջ վերապատրաստումները և ուսուցումը իրականացվել է միջազգային գործընկերների մասնակցությամբ:

«Այսօր պարեկային ծառայությունը իր ուսուցման և հմտությունների մակարդակով  համապատասխանում է աշխարհի լավագույն և ամենաարդյունավետ ստանդարտներին: Բնականաբար, գործընթացը հեշտ չէր ռեսուրսների ներգրավման տեսանկյունից, քանի որ բավականին ծախսատար գործընթաց էր թե ժամանակի, թե մարդկային ռեսուրսների, և թե հենց նյութատեխնիկական հագեցվածության տեսանկյունից: Այս առումով թե Կառավարությունը, և թե մեր միջազգային գործընկերները շատ բարի գտնվեցին մեզ տրամադրելու այն ամբողջ կազմը, որն անհրաժեշտ էր  ծառայությունը բարձր որակով սկսելու և հետագայում պահպանելու տեսանկյունից:
Պայմանավորվածությունը այսպիսին էր. եթե ուզում ենք միջազգային գործընկերներ ներգրավվել, պետք է նաև մեր կառավարության պատրաստականությունը հայտնենք և ցույց տանք: Հետևաբար, նաև պետբյուջեում որոշակի գումարներ նախատեսվեցին ու նաև միջազգային դոնոր կազմակերպությունները օգնեցին, որ ունենանք այսօր նյութատեխնիկական տեսանկյունից հագեցված պարեկային ծառայություն: Ընդհանուր  միայն պարեկային ծառայության մեկնարկը 12-13 միլիոն դոլար է կազմում»,- շեշտեց Հովսեփյանը՝ նշելով, որ այդ գործընթացում նյութատեխնիկական հագեցվածությունը ինքնանպատակ չէր, քանի որ զուտ գեղեցիկ շղարշի համար չէր արված այն, այլ յուրաքանչյուր ատրիբուտ, որը կա պարեկային ծառայողի վրա, ունի իր նպատակը` պաշտպանել քաղաքացուն, պաշտպանել հենց պարեկային ծառայողին և լավագույնս ապահովել հասարակական անվտանգությունն ու քաղաքացիների ապահովությունը:

Դոնոր կազմակերպություններից նախարարության հետ հիմնականում աշխատել է ԱՄՆ-ի կառավարությունը, ԱՄՆ-ի  դեսպանությունը Հայաստանում և  համապատասխան կառույցները, սերտ համագործակցել են Եվրոպական Միության հետ, միևնույն ժամանակ համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ: Հովսեփյանը հայտնեց, որ ուսումնասիրել են ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպական Միության ավելի քան 10 անդամ պետության, ինչպես նաև Ուկրաինայի և Վրաստանի փորձը, որոնք բավականին նմանություններ ունեին Հայաստանի հետ:

«Մինչև պարեկային ծառայության մեկնարկը և այդ նախապատրաստական փուլում, երբ  դեռևս ռազմավարությունն էր մշակվում, ուսումնասիրել ենք ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպական Միության ավելի քան 10 անդամ պետության փորձը, բայց, հասկանալով, որ այդ բավականին զարգացած երկրները, որտեղ պարեկային ծառայությունը նվազագույնը 50-60 տարի է արդեն գործում է, և իրենք այլ խնդիրներ ունեն լուծելու, մենք մտածեցինք նաև, որ պետք է ուսումնասիրել այն երկրների փորձը, որոնք նոր են անցել պարեկային ծառայությանը: Խորքային ուսումնասիրվել է Ուկրաինայի, Վրաստանի փորձը, որոնք մենթալիտետի տեսանկյունից բավականին նմանություններ ունեն Հայաստանի հետ, և նաև թարմ է փորձը, կարող էինք իրենց քաղած դասերից վերցնել համապատասխան եզրահանգումներ և գոնե չկրկնել նույն սխալները: Իհարկե, մենք կունենանք մեր  սխալները, որոնք մշակութային են, մենթալիտետային, լոկալ են. յուրաքանչյուր նոր նախաձեռնությունը ունենում է իր բացթողումները»,- նշեց Հովսեփյանը:

Պարեկային ծառայության հետ մեկտեղ գործելու է նաև մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնը: Քաղաքացին այլևս չպետք է զանգի տարբեր համարներով իր տարբեր խնդիրներին լուծումներ տալու համար:

« Օրինակ, եթե կա ընտանեկան բռնության դեպք, ճանապարհատրանսպորտային պատահար, երեխայի հետ կապված խնդիր կա և այլն, յուրաքանչյուր  հարցով քաղաքացին զանգում է «1-02» համարով ու այդ կենտրոնից ստանում է այն ամբողջ աջակցությունը, որն  անհրաժեշտ է»,- եզրափակեց Հովսեփյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]