Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

ՌԴ արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խումբը պահանջված է համարում

ՌԴ արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խումբը պահանջված է համարում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է պահանջված մնալ՝ առաջին հերթին մարդասիրական խնդիրների լուծման շուրջ համագործակցության և կողմերի միջև վստահության ստեղծման միջոցառումներն առաջ մղելու գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախում իրավիճակի կարգավորմանը:

«Իրավիճակի հետագա կարգավորման բանալին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև անցած տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին ձեռքբերված պայմանավորվածություններին ամբողջ ծավալով հետևելն է: Այդ պայմանավորվածություններն ապահովում են ինչպես ռազմագործողությունների դադարի պահպանմանը նպաստող բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, այնպես էլ նպատակաուղղված են ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որոնք երկար տարիներ հնարավորություն չեն ընձեռել՝ բացահայտելու աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող այս տարածաշրջանի շատ լուրջ տրանզիտային ու տնտեսական  ներուժը»,-մասնավորապես ասաց Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման գործում  կարևոր ներդրում ունի նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը: Փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված խումբն արդյունավետ է աշխատում, և Լավրովի համոզմամբ՝  մոտ ապագայում առաջին արդյունքները տեսանելի կլինեն:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի համոզմամբ՝ խումբը զբաղվում է տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների հստակեցմամբ: Ըստ Լավրովի՝ ենթակառուցվածքների ապաշրջափակումը Անդրկովկասյան պետություններին իրենց հարևանների հետ միասին հնարավորություն կընձեռի միանալու տրանսպորտային փոխադրումների միասնական տարածքի:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ