ՀՀ-ում COVID-19-ի վիճակը կայուն լարված է. այս պահին հոսպիտալացման ենթակա չհոսպիտալացված պացիենտ չկա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության վիճակը գնահատվում է որպես կայուն լարված:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Անցած շաբաթվա համեմատ ունենք կայուն իրավիճակ, օրական միջինում ունենում ենք 700-800 հիվանդացության դեպք: Հիվանդանոցների մահճակալային ֆոնդը վերջին 15-20 օրվա ընթացքում ընդլայնվել է: Այս պահին մենք ունենք մոտ 2 500 մահճակալ, որոնց գերակշիռ մասը սպասարկում է մեր բնակչությանը»,- նշեց Ավանեսյանը և հավելեց, որ ներկայում ՀՀ-ումհոսպիտալացման ենթակա, սակայն չհոսպիտալացված պացիենտ չկա:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 198 898 դեպք, որոնցից 178 227-ը առողջացման, 3 647-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 16 088 պացիենտ: