Միջազգային

ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել ավելացնել COVID-19-ի դեմ պայքարի ֆինանսավորումը

2 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել ավելացնել COVID-19-ի դեմ պայքարի ֆինանսավորումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ACT-Accelerator կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ նախագծին անհրաժեշտ է 22,1 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը:

Նրա խոսքով՝ կազմակերպությունը հրապարակել է նախագծի 2021 թվականի նոր ռազմավարությունը և բյուջեն։

«Այս պահի դրությամբ ACT-Accelerator-ին հատկացվել է 11 մլրդ դոլար, բայց մենք նախկինի պես բախվում ենք 22,1 մլրդ դոլարի չափով ֆինանսավորման դեֆիցիտի հետ: Մենք կոչ ենք անում երկրներին ամբողջությամբ ֆինանսավորել ACT-Accelerator-ը՝ որպես գլոբալ վերականգնման համար լավագույն ներդրում»,-ասել է ԱՀԿ-ի ղեկավարը:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը թվարկել է նաև այլ սուր խնդիրներ, որոնց թվում են կորոնավիրուսի նոր տարբերակների ի հայտ գալը, պատվաստանյութերի սահմանափակ մատակարարումը և COVID-19-ի հակազդման գործիքների տարածմանն աջակցելու համար ֆինանսավորման բացակայությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո ACT Accelerator միջազգային գործընկերությունը մեկնարկել է 2020 թվականի ապրիլի 24-ին: Նախագծի նախաձեռնողներն են եղել ԱՀԿ-ն, ԵՄ-ն, Ֆրանսիան և բարերարներ Բիլ և Մելինդա Գեյթսերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում