Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Լիտվայի խորհրդարանի պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել արագացնել գերիների վերադարձը Հայաստան

Լիտվայի խորհրդարանի պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել արագացնել 
գերիների վերադարձը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի խորհրդարանի Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամները հայտարարություն են արել, որով Ադրբեջանին կոչ են անում արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում ՀՀ դեսպանությունից:

Հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Մենք, Սեյմասում Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամներս,

Հղում անելով՝ ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը,

2020 թ. վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը,

Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի 2021 թ. հունվարի 29-ի կոչին,

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի 2021 թ. փետրվարի 1-ի հայտարարությանը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարության 8-րդ կետը, կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան:

Գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։ Կոչ ենք անում նաև Եվրոպական միության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը»:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]