Հայաստանում մինչև 14 տարեկան երեխաների քաղցկեղով հիվանդանալու դեպքերը 2 անգամ նվազել են
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 3 տարիների ընթացքում՝ քաղցկեղով առաջին անգամ ախտորոշվածների թիվը կազմում է՝ մասնավորապես 2018 թվականին՝ 8762 հիվանդ, 2019-ին՝ 7908, իսկ 2020-ի նախնական տվյալներով՝ 7050 հիվանդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կենտրոնի վիճակագրության բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը:
«Քաղցկեղային հիվանդության վիճակագրության մեջ գերակշռում է կրծքագեղձի քաղցկեղը, այնուհետև՝ թոքայինը, հաստաղիքայինը, ինչը նույնն է միջազգային վիճակագրության համեմատ: Քաղցկեղային հիվանդությունների հետևանքով 2018 թվականին մահացել են 5199 հիվանդ 2019-ին՝ 5434 հիվանդ, որը կազմում է ընդհանուր մահացությունների 20-21 տոկոսը»,-մանրամասնել է Ստեփանյանը:
Առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Հայկուհի Գյոքչյանի խոսքով՝ քաղցկեղային հիվանդություններից բուժվածների թվի ուռուցքաբանական վիճակագրությունն իրականացվում է 5 տարին լրանալուց հետո:
«Բավականին նվազել է բարձիթողության ցուցանիշները: Մասնավորապես՝ թոքի քաղցկեղի դեպքում՝ եթե 2-3 տարի առաջ բարձիթողի վիճակը 53 տոկոս էր, ապա այժմ՝ այդ ցուցանիշը կազմում է 40 տոկոս: Կրծքագեղձի պարագայում ունեինք 47 տոկոս բարձիթողության վիճակ, այժմ նվազել է՝ հասնելով 22-23 տոկոսի»,- ասաց Գյոքչյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշների նվազումը պայմանավորված է իրազեկման աշխատանքներով, ըստ այդմ նաև վաղ դիմելիությամբ ու վաղ փուլում քաղցկեղի ախտորոշմամբ:
Առողջապահության նախարարի խորհրդականի խոսքով՝ Հայաստանում 1990 թվականի համեմատ՝ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում քաղցկեղով հիվանդանալու դեպքերի թիվը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ ընդհանուր հիվանդների թիվը` 1,5 անգամ: Հիվանդության երիտասարդացման միտում է նկատվում՝ կանանց կրծքագեղձի քաղցկեղի դեպքում:
ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ քաղցկեղի հետևանքով մահվան դեպքերը զգալիորեն բարձր են տղամարդկանց շրջանում (55.2 տոկոս, 2999 դեպք, կանայք` 44.8 տոկոս, 2435):
Չարորակ նորագոյացություններից մահացության դեպքերը 2019 թվականին՝ 1990-ի (3484) համեմատությամբ, աճել են 1,5 անգամ, իսկ հիվանդացությունը` 1,6 անգամ (1990թ.` 5162, 2019թ. 8441):
Այն առավել տարածված է մեծահասակ բնակչության շրջանում. Չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը կտրուկ աճում է 35 և բարձր տարիքային խմբում:
Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները: Ընդ որում, տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի չարորակ նորագոյացությունները:
Ըստ առողջապահության նախարարության՝ քաղցկեղի տարածվածության և մահացության բարձր ցուցանիշները պայմանավորված են բնակչության ռիսկային վարքագծով: «Ապացուցողական տվյալների համաձայն` քաղցկեղի առաջացմանը մեծապես նպաստում են ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սնունդը, ավելցուկային քաշը և այլ ռիսկի գործոնները, որոնց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա էապես բարձրացնում է այդ հիվանդությունների զարգացման հնարավորությունը»,-նշում են առողջապահության նախարարությունից: