Ընդդիմադիր 16 կուսակցությունները պատրաստվում են գրավոր փաստաթուղթ մշակել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքներ անցկացնող խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստվում են գրավոր փաստաթուղթ մշակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ավարտին ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը:
«Մենք շաբաթ օրը, ժամը 14:00-ին այստեղ հավաքվում ենք և գրավոր մի քանի ամրագրումներ ենք կատարելու»,- ասաց Մանուկյանը:
Մանուկյանը նշեց, որ մինչ այդ բոլոր քաղաքացիներն ազատ են օրենքի շրջանակներում պահանջելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
16 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին, 12-ին, 13-ին և 16-ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործադիր իշխանության աջակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ վարչապետին, նշելով, որ նա չպետք է հրաժարական ներկայացնի զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կոչ էր արել զերծ մնալ ի աջակցություն կառավարության ցանկացած հանրահավաք կազմակերպելուց: