Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Շուշիի ուղղությամբ ադրբեջանական զինուժի առաջխաղացման փորձերը կասեցվել են. ՊԲ խոսնակ

Շուշիի ուղղությամբ ադրբեջանական զինուժի առաջխաղացման փորձերը կասեցվել են. 
ՊԲ խոսնակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերն Արցախի նկատմամբ կրկին կիրառել են իրենց տրամադրության տակ եղած գրեթե ողջ զինանոցը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:

«Գրոհներ ձեռնարկելով պաշտպանության բանակի դիրքերի որոշ հատվածներում՝ հակառակորդը կատարել է նաև առաջխաղացման փորձեր: Առաջխաղացման բոլոր փորձերը ձախողվել են. հետախուզության միջոցներով հայտնաբերվել են այդ շարասյունները և խոցվել՝ այդպիսով հակառակորդի առաջխաղացման փորձը կասեցվել է: Դրանք հիմնականում Շուշիի ուղղությամբ են եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ ռազմաճակատում: Բացի այդ,հակառակորդը կրկին անօդաչու թռչող սարքեր է փորձել կիրառել մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում, բայց այդ սարքերը ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել են»,-ասել է Սուրեն Սարումյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավվածությամբ պատերազմ է սկսել Արցախի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, խաղաղ բնակավայրեր, կիրառելով միջազգային նորմերով արգելված զենքեր:

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ՝ հոկտեմբերին 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի մասին պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը հրադադարի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն ներթափանցման գրոհներ. հրետակոծել առաջնագիծը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Մարտակերտը, այլ քաղաքներ:

Աննա Ահարոնյան




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ