Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

«Նվիրում Արցախին» նախագծի շրջանակում Կինոյի տանը կցուցադրվի վեց ֆիլմ

«Նվիրում Արցախին» նախագծի շրջանակում Կինոյի տանը կցուցադրվի վեց ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի կինոփառատոնում ընդգրկված և Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին, Կինոյի տանը կտրվի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս նախագծով փառատոնը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին՝ տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին։ Նախագծի գործընկերներ IDBank-ն ու Idram-ը եռակողմ հուշագիր են կնքել «Ոսկե ծիրան»-ի հետ, որի արդյունքում երկու կառույցները հիմնադրամին կփոխանցեն նույնքան գումար՝ այդպիսով կրկնապատկելով նվիրատվությունը:

Նախագծի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը։ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի»-ն կցուցադրվի նաև նոյեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին։

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին և նոյեմբերի 6-ին՝ ժամը 18։00-ին։

Գարեգին Պապոյանի՝ Արցախին նվիրված «Բարի թռիչք» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 2-ին՝ ժամը 20։00-ին և նոյեմբերի 4-ին՝ ժամը 18։00-ին։ Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերը հանրությանը կներկայացվի նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։00-ին։

Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու» կինոնկարը հայ հանդիսատեսը կկարողանա դիտել նոյեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին և նոյեմբերի 4-ին՝ ժամը 20։00-ին։

Հակոբ Մելքոնյանի՝ պատերազմի թեման արծարծող «Բլոկադա» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին և նոյեմբերի 5-ին՝ ժամը 18։00-ին։ Հավելենք նաև, որ բացի ֆիլմերի ցուցադրություններից, կկազմակերպվի պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ  ցուցահանդես-վաճառք:

«Նվիրում Արցախին» նախագծի  ֆիլմերի ցուցադրությունների տոմսերի նախնական վաճառքն իրականացվելու է առցանց՝ Idram հավելվածի միջոցով։ Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ տեղում՝ Կինոյի տանը, յուրաքանչյուր ցուցադրություն 2 ժամ առաջ, Idram-ի տերմինալների միջոցով։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ