Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Արցախում հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, ապահովված են սարքավորումներով և դեղորայքով

Արցախում հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, ապահովված են 
սարքավորումներով և դեղորայքով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում գործող բոլոր հիվանդանոցները և բժիշկները պատերազմական իրավիճակից ելնելով աշխատում են քսանչորսժամյա ծանրաբեռնված ռեժիմով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը:
«Արցախում գործող բոլոր հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով: Ստեփանակերտում գործում են հանրապետական և մանկական հիվանդանոցները, ծննդատունը, ինֆեկցիոն հիվանդանոցը, որտեղ հիմնականում բուժում են ստանում COVID 19-ով վարակված անձինք, ինչպես նաև գործում է հոսպիտալը: Ընդհանուր առմամբ, հիվանդանոցների ծավալները բավարարում են տուժածներին և վիրավորներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար»,-ասաց նախարարը:
Նա նշել է նաև, որ դեղորայքի և սարքավորումների մասով պատերազմական գործողությունների այս մեկ ամսվա ընթացքում ընդհանրապես որևէ խնդիր չի առաջացել, հիմա էլ հիվանդանոցներն ապահովված են համապատասխան անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով: Ըստ նախարարի, պատերազմի առաջին օրերից Արցախում աշխատող բժիշկներին կամավոր միացել են բժիշկներ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից՝ Ռուսաստանից և Եվրոպայից, որոնց մի մասը արդեն հետ են գնացել, մի մասը երկրորդ անգամ են արդեն միանում:

Հիմա բժիշկները աշխատում են լարված ռեժիմով: «Հիվանդանոցները հիմնականում աշխատում են նկուղային հարկերում. հիվանդանոցների առաջին հարկերն անգամ չեն օգտագործվում ապահովությունից ելնելով: Բոլոր վիրահատությունները, բուժօգնությունները իրականացվում են նկուղներում: Չնայած բժիշկներն աշխատում են քսանչորսժամյա լարված ռեժիմով՝ արկերի, ռումբերի պայթյունների ձայների ներքո, այնուհանդերձ, բժիշկների արհեստավարժ թիմի անդամները՝ բժիշկներից մինչև բուժքույրեր, կարողանում են իրենց աշխատանքը պատվով վերջնակետին հասցնել, որի համար նրանց պետք է նաև կամքի մեծ ուժ: Բժիշկներն արդեն սովորել են պայթյունների տակ վիրահատություններ անելուն, շատ դեպքերում նրանք արդեն ուշադրություն չեն դարձնում ռմբակոծությանը»,-ասել է Արարատ Օհանջանյանը:
Շրջանային հիվանդանոցները և հոսպիտալները սկզբնական փուլում ընդունում են վիրավորներին, ըստ անհրաժեշտության վիրահատվում են այնտեղ կամ ուղարկվում են Ստեփանակերտ: Բոլոր վիրավորների հետվիրահատական շրջանը այնուհետև կազմակերպվում է ՀՀ-ում:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավվածությամբ պատերազմ է սկսել Արցախի դեմ՝ թիրախավորելով Արցախի  քաղաքացիական բնակչությանը, խաղաղ բնակավայրեր, կիրառելով միջազգային նորմերով  արգելված զենքեր: Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ՝ հոկտեմբերին 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի,հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի մասին պայմանավորվածություն,սակայն Ադրբեջանը հրադադարի ուժի  մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն ներթափանցման գրոհներ. հրետակոծել առաջնագիծը, քաղաքացիական ենթակառուցվածքներ ու խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Մարտակերտը, այլ քաղաքներ:Մեկ ամսից ավելի ձգվող պատերազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը քաղաքացիական անձանց շրջանում ունեցել է չորս տասնյակից ավելի զոհեր, կան բազմաթիվ վիրավորներ: Ստեփանակերտում հոկտեմբերի 28-ին հարվածների թիրախ է դարձել նաև ծննդատունը:

Աննա Ահարոնյան




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ