Միջազգային

Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է արել ձեռնպահ մնալ ԼՂ իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից

4 րոպեի ընթերցում

Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է արել ձեռնպահ մնալ ԼՂ իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին և տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է արել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սյորեյդենը ասել է՝ ի պատասխան խորհրդարանի անդամ Բյորնար Մոքսնեսի գրավոր հարցմանը։

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լուրջ է, և Նորվեգիան կողմերին և տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է արել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը։ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանին Թուրքիայի ավանդական աջակցության ծավալի մեծացումը մանրակրկիտ և շարունակաբար ուսումնասիրվում է մեր կողմից»,- նշել է արտգործնախարարը, հավելելով, որ ընդհանուր առմամբ, Թուրքիա պաշտպանական սարքավորումների արտահանման հետ կապված կա խիստ սահմանագիծ, որի վերջին խստացումը հաստատվել է 2016թ. հեղաշրջման փորձից հետո:

Արտգործնախարարը նշել է, որ 2019թ. հոկտեմբերին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով որոշվել է ժամանակավորապես դադարեցնել դեպի Թուրքիա արտահանման նոր հայտերին ընթացք տալը:

«Արտահանման դեպքում, որը չի առնչվում մեր անվտանգության և պաշտպանության շահերին և չի վերաբերում առաքումներին՝ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում, գործում է խորհրդարանի 1959թ. որոշումը, որի համաձայն՝ արտահանում չի թույլատրվում»,- հայտնել է Սյորեյդենը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում