Միջազգային

Վոլգոգրադում չեզոքացված ահաբեկիչների համակարգումն իրականացվել է Սիրիայի տարածքից

3 րոպեի ընթերցում

Վոլգոգրադում չեզոքացված ահաբեկիչների համակարգումն իրականացվել է Սիրիայի տարածքից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում կասեցված «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության գործունեության համակարգումը իրականացվել է Սիրիայի տարածքից: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից:

«Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է Վոլգոգրադում «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության (արգելված է Ռուսաստանում-խմբ) միջտարածաշրջանային բջջի գործունեությունը: Ահաբեկչական կազմակերպության անդամները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից են, ովքեր ծրագրավորում էին դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ Վոլգոգրադ քաղաքում: Ահաբեկչական գործունեության համակարգումն իրականացվել է Սիրիայի տարածքից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ նրանց թիրախային օբյեկտներն են հանդիսացել իշխանության մարմինների շենքերը, զինծառայողների բնակության վայրերը եւ պայթյունավտանգ ձեռնարկությունները:

Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում Ռուսաստանի քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով միջոցներ են ձեռնարկվել տարածաշրջանում ահաբեկչական գործողություններ թույլ չտալու համար:

«Ձերբակալության ժամանակ պարագլուխը եւ նրա հանցակիցը, ովքեր փորձել են ահաբեկչության միջոցները դուրս բերել Վոլգոգրադում նախապես սարքավորված թաքստոցից, զինված դիմադրություն են ցույց տվել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին եւ արդյունքում չեզոքացվել:

Քննչական գործողությունների ընթացքում դեպքի վայրում և արմատական իսլամիստների բնակության հասցեներում հայտնաբերվել և առգրավվել են հրազեն, ռազմամթերք, քիմիական բաղադրիչներ, կրոնական բնույթի գրականություն, ինչպես նաև Վոլգոգրադի քարտեզ, որում նշված է նախատեսված դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների իրականացման վայրերը:

Միաժամանակ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ուֆա, Մայկոպ եւ Վոլգոգրադ քաղաքներում ձերբակալվել են միջտարածաշրջանային բջիջի այլ մասնակիցներ, որոնց նկատմամբ դատավարական որոշումներ են ընդունվում: Անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիրի անցկացումը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ իսլամիստները ծրագրում էին պայթեցնել «Մայր Հայրենիք» հուշարձանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում