Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Ռուս քաղաքագետը Հայաստանը յուրօրինակ կամուրջ է համարում ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում

Ռուս քաղաքագետը Հայաստանը յուրօրինակ կամուրջ է համարում ԵԱՏՄ-Իրան 
հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում յուրօրինակ կապող կամրջի դեր ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքագիտության թեկնածու, ՄՀՄՊԻ-ի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Մարկեդոնովն ասել է Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:

«ԵԱՏՄ-ի զարգացման, այսպես կոչված կովկասյան ուղղությունը, զարգացման որոշակի հեռանկարներ ունի: «Մեծ Եվրասիա» ծրագիրը ենթադրում է համագործակցություն նաև ԵԱՏՄ անդամ երկրների հարևանների հետ: Տվյալ համատեքստում դիտարկվում է նաև Իրանը, որի դեպքում Հայաստանը յուրօրինակ կապող կամրջի դեր ունի: Այդ ծրագիրը կարող է կյանքի կոչվել միայն այն ժամանակ, երբ անվտանգային մի շարք հարցեր կկարգավորվեն: Այս պահին եվրասիական, ինչպես նաև տնտեսական ինտեգրացիայի համար կան որոշ մարտահրավերներ, ոչ միայն քաղաքական, այլև արտաքաղաքական, ինչպիսին է օրինակ պանդեմիան: Այն տարբերակում չի դնում՝ ով-ում կողմից է կամ ինչ սկզբունքների է դավանում՝ ինքնորոշում, թե տարածքային ամբողջականություն: Այն վնասում է բոլորին»,- նշեց Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակը հանգեցրել է կարանտինային սահմանափակումների և ինտեգրացիոն գործընթացների զսպմանը: Քաղաքագետի պնդմամբ, չնայած այս ամենին, առաջիկա զարգացման ծրագրերը պետք է քննարկվեն, որովհետև այս իրավիճակը վաղ թե ուշ կավարտվի և որոշակի տեսլականներ պետք է լինեն, որպեսզի վերականգնումը հնարավորինս արագ լինի:

Մարկեդոնովը հայտնեց, որ տնտեսական ինտեգրացիան հնարավոր չէ, եթե հաշվի չեն առնվում անվտանգային խնդիրները, քանի որ տնտեսական հարաբերությունների և դրանց զարգացման վրա շատ գործոններ են ազդում:

Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր խոսքում նաև նշեց, որ արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը փոքր-ինչ ծանրացրել էր հոկտեմբերի 9-ին Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մթնոլորտը: Խնդրի մասին նիստի ժամանակ խոսել են և Հայաստանի, և Ռուսաստանի վարչապետները:

Հոկտեմբերի 9-ին Երևանում անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել են միության 4 անդամ երկրի կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Հայկական կողմից մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական կողմից՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսից՝ վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանից՝ վարչապետ Ասկար Մամինը: Հոկտեմբերի 6-ին հայտնի էր դարձել, որ Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել, և նիստին երկիրը ներկայացվել էր դեսպանի մակարդակով:

Լիլիթ Դեմուրյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]