ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներն արձանագրել են ԼՂ խնդրի դիվանագիտական լուծման այլընտրանքի բացակայությունը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորումը չունի այլընտրանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, այս մասին նախարարները խոսել են հեռախոսազրույցի ընթացքում:
Հեռախոսազրույցի ընթացքում հայտնվել է Մոսկվայի և Թեհրանի լուրջ մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի առնչությամբ: Ընդգծվել է նրանում Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների զինյալ ծայրահեղականների ներգրավվածության վտանգավորությունը: Արձանագրվել է դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը, որի սկիզբը պետք է դառնա առանց նախապայմանների կրակի դադարեցումը:
Լավրովը մատնանշել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում` տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման ուղղությամբ: Նախարարները կրկին ընդգծել են այն կարևոր դերը, որը կարող են ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների: