Քաղաքականություն

ՀՀ-ն և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ. Վասիլիս Մարագոս

4 րոպեի ընթերցում

ՀՀ-ն և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ. Վասիլիս Մարագոս

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ մտնելու չորրորդ ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորել են ԵՄ-Հայաստան գործընկերության խորացումը, գնահատել ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաև՝ քննարկել համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, արտագնա հանդիպումը, որին ներկա էին շուրջ 80 մասնակիցներ, հարթակ է ապահովել գործընկերների միջև մտքերի փոխանակումների և ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական քննարկումների համար։

ՀՀ կառավարության ներկայացուցիչները խոսել են ՀԸԳՀ-ի կիրարկման իրենց մոտեցումների մասին՝ ներկայացնելով 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, առկա մարտահրավերները և ԵՄ-ի հետագա աջակցության առաջնահերթ ոլորտները։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ՀԸԳՀ-ն որպես ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնական իրավական շրջանակ լինելու փաստը և  բարձր գնահատելՀայաստանի հանձնառությունը բարեփոխումներին՝ չնայած գոյություն ունեցող մարտահրավերներին։

«Մենք գնահատում ենք Հայաստանի իշխանության կողմից արձանագրված առաջընթացը, սակայն պետք է համատեղ ուժերով թափ հաղորդենք բարեփոխումների ընթացքին և խորացնենք ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ լիարժեք գործի դնելով ՀԸԳՀ-ի ողջ ներուժը, հատկապես՝ տնտեսական զարգացման ոլորտում ԵՄ չափանիշների ներդրման առումով։ Հայաստանը և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ, որը կընդլայնի մեր համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ անվտանգության ոլորտի բարեփոխումները և մուտքի արտոնագրերի ազատականացումը»,- ասել է նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացման իր խոսքում նշել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո առանցքային է ՀՀ կենսական օրակարգի՝ բարեփոխումների ընթացքի քննարկումն ու գնահատումը, քանի որ դրա ճիշտ ընկալումը, ճանաչումն ու իրականացումը կարևոր են երկրի կայուն զարգացման և առաջընթացի համար.

«Չնայած առկա ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի կառավարությունն անշեղորեն շարժվում է բարեփոխումների իրականացման իր նախանշած ուղիով՝ ընթացս կատարելով անհրաժեշտ շտկումներ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ»:

Փոխվարչապետն իր ելույթում կարևորել է նաև ԵՄ-ի հետ խորացող երկկողմ հարաբերություններից բխող հավակնոտ մոտեցումների ձևավորման գործընթացները՝ մասնավորապես այս պահին բանակցվող Եվրամիության-Հայաստան գործընկերության նոր օրակարգը և այն աջակցելու համար Եվրահանձնաժողովի հետ քննարկման փուլում գտնվող Հայաստանին տրամադրվելիք ԵՄ Դիմակայունության և աճի պլանը:

Հրավիրված բանախոս, Եվրոպական միության սպառողների հարցերով նախկին հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ և Եվրոպայի խորհրդում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար, տիկին Մեգլենա Կունևան ներկայացրել է Բուլղարիայի բարեփոխումների և ԵՄ-ին անդամակցության փորձը։ Նա ընդգծել է պետական կառավարման կուռ համակարգի առանցքային կարևորությունը, ԵՄ-ին առնչվող բարեփոխումների հաջող իրականացման համար։

ՀԸԳՀ արտագնա երկրորդ հանդիպմանը վերահաստատվել է Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ Եվրոպական միության  և Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը։ Առաջ շարժվելով՝ կողմերը շարունակելու են համատեղ աշխատել բարեփոխումների առաջմղման, կառավարման համակարգի ամրապնդման և ՀԸԳՀ-ի շրջանակներում Հայաստանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում