Ադրբեջանը ռազմական առումով որևէ հաջողություն չունի. ՀՀ ԱԺ փոխնախագահ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Ադրբեջանը իր իսկ կողմից սանձազերծած պատերազմում ռազմական առումով որևէ հաջողություն չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին:
Պատգամավորը նշեց, որ ուզում է ադրբեջանցիները իմանան՝ իրենց խաբում են ամենալկտի ձևով: «Ադրբեջանը ռազմական առումով ոչ մի հաջողություն չունի, և մեզ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղաց, որպեսզի Ալիևը կամ որևէ այլ պետական պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել կամ լուսանկար տեղադրել: Ես վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիևը փախչելու է Ադրբեջանից՝ թողնելով Ադրբեջանը աղքատության մեջ»,-ասաց նա:
Սիմոնյանը, դիմելով սփյուռքին, շնորհակալություն հայտնեց և խնդրեց շարունակել գործը աշխարհի շատ երկրներում, ստիպել համաշխարհային հանրությանը, որ կանգնեցնեն Թուրքիայի և իր խամաճիկ Ադրբեջանի գործողությունները:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:
Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Հաստատված է նաև միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի կիրառման փաստը:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նախնական տվյալներով զոհվել է 240 զինծառայող և կամավորական:
Աննա Գրիգորյան