Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

Թուրքիայի ղեկավարությունն է Ադրբեջանին ստիպել գնալ այս արկածախնդրությանը. Արցախի ԱԺ նախագահ

Թուրքիայի ղեկավարությունն է Ադրբեջանին ստիպել գնալ այս արկածախնդրությանը. 
Արցախի ԱԺ նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն է Ադրբեջանին ստիպել գնալ այս արկածախնդրությանը՝ պատերազմ սանձազերծելուն, իսկ պատերազմում միայն թույլ կողմն է խփում քաղաքներին, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 6-ին Ստեփանակերտում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Ալիևը պատրաստ էր արկածախնդրության 2016 թվականի ապրիլյան պատերազմում, Ալիևը նաև Տավուշի ուղղությամբ գնաց արկածախնդրության: Կարծում եմ, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն է նրան ստիպել գնալ այդ արկածախնդրությանը»,-ասաց Թովմասյանը:

Նրա կարծիքով՝ Ալիևն արդեն Ադրբեջանի իշխանության ղեկին չէ: Արցախի ԱԺ նախագահը նկատեց, որ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ցանկացած հայտարարության՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Թուրքիայի գլխավորությամբ, ասում է, որ այդ բանակցություններին պետք է մասնակցեն նաև Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայացուցիչները: «Կարծում եմ, որ միջազգային հանրությունը տեսավ, որ այն ծրագիրը, որը դրված էր Իլհամ Ալիևի առջև՝ շատ կարճ ժամանակամիջոցում թեյ խմել Ստեփանակերտում կամ Շուշիում, ձախողվել է: Եվ քանի որ ձախողվել է, ուրեմն պետք է հեռանա իշխանությունից: Գուցե արդեն հեռացված է: Արդեն աշխարհին է հայտնի, որ սանձազերծած պատերազմը կառավարվում է Թուրքիայի կողմից»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա հիշեցրեց, որ լեզգիներն Ադրբեջանում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և ասել, որ իրենց երեխաներին տանում են առաջնագիծ, կան բազմաթիվ զոհեր: Վերջերս նմանատիպ հայտարարությամբ հանդես են եկել նաև թալիշ ակտիվիստները: Նրանք հայտարարել են, որ իրենք ոչ միայն տարածաշրջանում, այլ առհասարակ ոչ մի թշնամի չունեն: «Պատերազմում թույլ կողմն է խփում մայրաքաղաքին, թույլ կողմն է խփում քաղաքներին, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ»,-նշեց Թովմասյանն ու ուրախացնող համարեց այն քաղաքական կայունությունը, որը տիրում է և Արցախում, և Հայաստանում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Հաստատված է նաև միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի կիրառման փաստը: 

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 219 զինծառայող և կամավորական:

Աննա Գրիգորյան




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]