Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Ճանապարհի վճար կսահմանվի հաշվառված և չհաշվառված միջպետական բեռնափոխադրողների համար

Ճանապարհի վճար կսահմանվի հաշվառված և չհաշվառված միջպետական 
բեռնափոխադրողների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում գրանցված և չգրանցված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ինչպես անհատ ձեռներեցների, այնպես էլ ընկերությունների համար նախատեսվում է սահմանել հավասար պայմաններով ճանապարհային վճար:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«2017 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի հետ կնքել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի կետերից մեկը վերաբերում է ճանապարհային հարկերին ու վճարներին: Այս կանոնակարգի շրջանակում մենք ունեինք որոշակի ընտրություն, թե ինչ ենք սահմանելու՝ ճանապարհային վճար, թե հարկ: Տարբեր քննարկումներից հետո որոշում կայացվեց սահմանել ճանապարհային վճար»,- նշեց Սիմոնյանը և հավելեց, որ այդ տարբերակն ավելի արդար կլինի շուկայի բոլոր մասնակիցների համար:

Հայաստանի Հանրապետությունում գործող ընկերությունների համար, որոնք բեռնափոխադրումներ են իրականացրել՝ սահմանված է եղել ճանապարհային հարկ, սակայն 2018 թվականի հունվարի 1-ից՝ հարկային նոր օրենսգրքով, այն հանվել է:

«Եվրոպական կանոնակարգի պահանջների համաձայն հարկերն ու վճարները չպետք է կրեն դիսկրիմինացիոն բնույթ և չպետք է կախված լինեն բեռնափոխադրողների հաշվառված լինել կամ չլինելուց»,- ասաց ՏԿԵ փոխնախարարը:

Անդրադառնալով վճարի վերաբերյալ չափորոշիչներին, որը 1 կիլոմետրի դիմաց կազմելու է մինչև 50 դրամ, Սիմոնյանն ասաց, որ տվյալ օրենքը չի կիրառվելու բոլոր մեքենաների դեպքում:

«Այն մեքենաները, որոնք 12 տ և ավելի բեռնափոխադրում կիրականացնեն, 1 կիլոմետրի դիմաց կվճարեն մինչև 50 դրամ ճանապարհային վճար: Այս նախագիծը վերաբերում է բեռներ տեղափոխողներին: Այժմ դասակարգման հարցը քննարկվում է նաև ըստ սռնիների, քանի որ կան բեռնատարներ, որոնք աշխատում են 3, 4 կամ 6 սռնիով: Որքան շատ են սռնիները, այդքան ավելի մեծ է լինում ճանապարհի վրա ծանրությունը, հետևաբար վնասներն են մեծ լինում: Ուսումնասիրելով նաև միջազգային փորձը՝ մենք եկել ենք այն եզրահանգման, որ ամենաօպտիմալ առավելագույն գինը պետք է կազմի 50 դրամ»,- ընդգծեց Սիմոնյանը:

Նախարարության կողմից առաջարկվող նախագծի ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թվականից:

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ