Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՀԿ-ն Քոչարյանի պաշտպաններին հորդորում է հարցը չքաղաքականացնել. ԼՀԿ-ն ՍԴ կդիմի գործը քննելուց հետո

 ԼՀԿ-ն Քոչարյանի պաշտպաններին հորդորում է հարցը չքաղաքականացնել. ԼՀԿ-ն ՍԴ 
կդիմի գործը քննելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները վստահեցնում են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, անկախ պաշտպանների դիմումը հետ վերցնելու հանգամանքից, ՍԴ-ում քննվելու է, հետևաբար ԼՀԿ-ն մնում է իր դիրքորոշմանը՝ ՍԴ դիմելու որոշմանը կմիանան միայն Քոչարյանի գործի քննությունից հետո՝ այն էլ նոր դիմումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Լսեցինք հայտարարությունը, իմ լավ բարեկամներ փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում, բայց չպատասխանեցին այն հարցին, թե ինչ կապ ունի իրենց հետ վերցնելը այդ գործը ՍԴ-ում քննելու հետ: Այդ գործը քննվելու է, որովհետև դատարանն էլ է այդ նույն հարցով դիմել: Եվ Սահմանադրական դատարանը դատարանի և պաշտպանական կողմի դիմումի հիման վրա էր քննության օր նշանակել»,-ասաց Տարոն Սիմոնյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք որոշել են ՍԴ դիմել Քոչարյանի գործի քննությունից հետո, որպեսզի իրավական գործընթացի վրա որևէ ազդեցություն չլինի և որևէ քաղաքական ուժ՝ լինի այսօրվա քաղաքական իշխանությունը, թե նախորդ ռեժիմի քաղաքական իշխանության ներկայացուցիչները կամ նրանց հետևորդները, իրենց կողմից հակասահմանադրականության վիճարկման գործընթացի վրա որևէ քաղաքական կոմպոնենտով ազդեցություն չունենան, չստվերեն իրավական գործընթացը քաղաքական կոմպոնենտով: ԼՀԿ-ն գտնում է, որ սամանադրականության վիճարկման գործը մաքուր իրավական գործընթաց է, և որևէ քաղաքական գործիչ չպետք է դա շահարկի սեփական քաղաքական նպատակներով:

Այսպիսով, անկախ նրանից, որ Քոչարյանի փաստաբանները դիմումը հետ են վերցնում, գործը քննվելու է: Եթե ՍԴ-ն որոշի, որ ինքը չի քննելու այդ գործը, ԼՀԿ-ի ասած պայմանը, Սիմոնյանի խոսքով, ուժի մեջ է, հետ չեն կանգնելու դրանից: Տարոն Սիմոնյանը նշեց, որ Քոչարյանի փաստաբանները շատ լավ գիտեն, որ այդ գործընթացը իրավական գործընթաց է, շեշտեց, որ չի կարելի քաղաքականացնել: «Իրենք այս քայլով ուզում են քաղաքականացնել, մտցնել քաղաքական դաշտ: Եթե դա է նրանց հետապնդած նպատակը, ես պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ այս գործընթացով երևույթը, որպես այդպիսին, չի դադարում քաղաքական լինելուց, ավելին՝ ավելի է խորանում քաղաքական կոմպոնենտը: Հետևաբար, նորից ենք ընդգծում, որ մենք պատրաստ ենք մեր ասած պայմանից հետո անմիջապես մտնել ՍԴ, որպեսզի գործընթացը մաքուր իրավական լինի»,-ասաց Սիմոնյանն ու նշեց՝ ՍԴ են դիմելու ՍԴ-ի հուլիսի 7-ի նիստից հետո:

Անդրադառնալով ՍԴ դիմելու հարցով «Բարգավաճ Հայաստան»-ի դիմումին՝ Սիմոնյանը նշեց, որ այդ դիմումով մեկ կետով է վիճարկում ԱԺ-ում ընդունված օրենքի սահմանադրականությունը: «Մենք առնվազն 3 կետ էլ պետք է ավելացնենք այդ դիմումին: Նոր դիմում է կազմվելու, և եթե մեր գործընկերները պահպանեն իրենց ստորագրությունները, կմիանան երկու խմբակցությունների ստորագրությունները, և այդպես նոր դիմում կգնա ՍԴ:  Նոր դիմում է գրվում, որի մեջ օգտագործվում է նաև մեր գործընկերների առաջ քաշած կետը»,-նշեց պատգամավորը:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ վստահեցրեց. «Ասուլիսից հետո, մեր դիրքորոշումը ներկայացնելուց հետո որևէ իրողություն չի փոխվել»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հունիսի 25-ին հայտնել է, որ հետ են վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները՝ նշելով, որ պատճառը ԱԺ-ի «Իմ քայլ»-ը խմբակցության կողմից  Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթի ընդունումն է։

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» նախաձեռնեց ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի կողմից ընդունված այդ որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Խմբակցությունը դիմել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության  գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը:

ԼՀԿ-ն հունիսի 24-ի ասուլիսում, թեև նշեց, որ Սահմանադրական փոփոխությունները, ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում մինչև 2-րդ ընթերցումը անպայմանորեն պետք է ուղարկվեն ՍԴ՝ եզրակացության համար, և այն փաստը, որ չի ուղարկվել, ակնառու խախտում է, ու հարցը պետք է դառնա քննարկման առարկա, այնուամենայնիվ, այդ փուլում չեն միանում ԲՀԿ-ի ստորագրահավաքին, իրենք կդիմեն միայն ՍԴ-ում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հունիսի 25-ին հայտնել է, որ հետ են վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները՝ նշելով, որ պատճառը ԱԺ-ի «Իմ քայլ»-ը խմբակցության կողմից  Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթի ընդունումն է։

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am