Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

ԱԺ նախագահն անդրադարձավ ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանների ու լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին

ԱԺ նախագահն անդրադարձավ ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանների ու լրագրողների միջև 
տեղի ունեցած միջադեպին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը էական է համարում այն հանգամանքները, որոնք նախորդել են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց ոստիկանների և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես մանրամասներին տեղյակ չեմ: Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, բայց լսել եմ նաև կարծիքներ, որ որևէ առանձնակի բան չի արվել: Ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություն չեմ կարող անել: Շատ էական են հանգամանքները, գուցե այդ պահին զգուշացվել է նախապես, խնդրանք է հնչել ազատել այդ տարածքը, գուցե հղում է արվել արտակարգ դրության ընթացքում հավաքների կազմակերպման արգելքին»,- ասաց Միրզոյանը:

Խորհրդարանի նախագահը նշեց, որ եթե որևէ կերպ խախտվել են լրագրողների իրավունքները, ապա նա կդատապարտի կատարվածը:

«Ես մշտապես եղել եմ և հիմա էլ կամ, շարունակելու եմ լինել լրագրողների անխոչընդոտ գործունեության և իրավունքների պաշտպանը: Լրագրողների գործունեության խոչընդոտման որևէ փորձ կդատապարտեմ»,- նշեց ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանը հավելեց նաև, որ սահմանված կանոնները համընդհանուր են, և ոչ լրագրողները, ոչ քաղաքական գործիչները, ոչ էլ որևէ մեկը չեն դասվում օրենքից վեր:

Հունիսի 16-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտից դուրս գալուց հետո խառնաշփոթ էր սկսվել փողոցում: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցները, պատ կազմելով, սկսեցին ետ հրել քաղաքացիներին ու լրագրողներին: Լրատվամիջոցների ներկայացուցիչներից մի քանիսը վնասվածքներ էին ստացել, կորել էր կայքերից մեկի ուղիղ եթերի սարքը:

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողություններից:

Նորայր Շողիկյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]