Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հոկտեմբեր

Մարուքյանը ներկայացրեց կորոնավիրուսի ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ԲՀԿ առաջարկին միանալու պայմանը

Մարուքյանը ներկայացրեց կորոնավիրուսի ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ԲՀԿ 
առաջարկին միանալու պայմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու «Բարգավաճ Հայաստան»-ի նախաձեռնությանը կմիանա այդ հանձնաժողովը նախագահելու պայմանով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից 1 ամիս առաջ: Մենք կաջակցենք ստեղծման գաղափարին, պայմանով, որ հանձնաժողովը նախագահի ԼՀԿ ներկայացուցիչը, որովհետև դրա գաղափարը մերն է, և ԱԺ-ում կա 3 քննիչ հանձնաժողով, որոնցից 1-ը գլխավորում է «Իմ քայլը»-ի ներկայացուցիչը, մյուս երկուսը՝ ԲՀԿ ներկայացուցիչները»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը նշեց նաև, որ, եթե քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը լինի հիմա, ապա այն, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, կձևավորվի միայն սեպտեմբեր ամսին:

Հունիսի 17-ին ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ցանկանում է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել:

Հայաստանում հունիսի 17-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18 033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 818 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 87 600  թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 302: Արձանագրվել է մահվան 99 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]