Հասարակական

Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավելի վարակակիր. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավելի վարակակիր. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավելի վարակակիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով տվյալագիտական վերլուծությունը։

«Որոշ տվյալագիտական վերլուծություններ ցույց են տալիս, որ Հայաստանում այս պահին 100 հազարից ավելի վարակակիր կա։Այդ եզրակացությանը հանգում ենք որոշակի մեթոդաբանությամբ մահացության ու հաստատված դեպքերի պրոյեկցիայով»,- ընդգծել է ՀՀ վարչապետն իր գրառման մեջ։

Հայաստանում հունիսի 7-ին, ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 8844 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 69 171 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք և 294 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 200 (ավելացել է ևս 10-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 68, 68, 52, 49, 81, 82 տարեկան տղամարդիկ և 75, 66, 63, 63 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 72 է։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում