ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիևում հունիսի 17-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ուկրաինականը՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվհեն Պերեբիյնիսը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակին, քննարկվել են փոխադարձ կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման հեռանկարները: Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, իրավապայմանագրային և այլ ուղղություններով համագործակցության հարցեր:
Ըստ աղբյուրի՝ կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շարունակական շփումներն ու մտքերի պարբերական փոխանակումը:
Նշվում է, որ ուկրաինական կողմը մանրամասն տեղեկացվել է Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերի վերաբերյալ։
ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է ուկրաինական պատվիրակությանը տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանն ուղված` ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ, որի հիմքում ընկած են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, փոխադարձության և հավասարության սկզբունքները։