Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս

Դատախազը չի բացառում, որ  Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու որոշումը կբողոքարկվի

Դատախազը չի բացառում, որ  Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու որոշումը 
կբողոքարկվի

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ կբողոքարկվի որոշումը,  ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև համավարակի ավարտը  պետք է մնա «Իզմիրլյան» ԲԿ-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին: 

«Ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության: Պահանջը հետևյալն է, որ մինչև արտակարգ դրության ավարտը մնա համապատասխան բուժհաստատությունում: Եվ ակտը ոչ թե դատարանի կողմից ըստ էության վերջնական կայացված ակտն է,այլ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, և որպես հայցի ապահովման միջոց սահմանվել է, որ մինչև գործի լուծումը կամ այլ խոսքով ասած՝ մինչև արտակարգ դրության ավարտը չի տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ: Այս վարույթի կողմերը պաշտպանը և քրեակատարողական ծառայությունն են: Որպես կանոն, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում: Բայց իմ համոզումը բովանդակային առումով այն է, որ դատախազը այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա՝ առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների  արդյունավետ իրացման շրջանակներում»,-ասաց Դավթյանը: 

Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առաքվել Դատախազություն: Նա հույս հայտնեց, որ այսօր՝ հունիսի 1-ին, կստանան դատական ակտը, կծանոթնան դրա հիմնավորումներին և քրեակատարողական ծառայության գործընկերների հետ, այսինքն՝ կոնկրետ վարույթով պատասխանողի հետ կքննարկեն հետագա անելիքները:

Անդրադառնալով Ջուլհակյանի հարցին, թե դատախազը չի՞ բացառում, որ այդ որոշումը բողոքարկվի՝ Դավթյանը պատասխանեց. «Չեմ բացառում, իհարկե»:

Վարչական դատարանը մայիսի 29-ին բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի մայիսի 26-ին կրկին հետաձգել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը՝ կապված 2008թ․ մարտի 1-2-ի դեպքերի հետ։ Դատավորը ստացել էր «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ նիստին։

Աննա Գրիգորյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ