1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 5 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 5 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 012 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 325 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 977 հազար 277 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 571 հազար 328  հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 93 հազար 561 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 308 հազար 705 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 972:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 803 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 778:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 271 հազար 885-ի, մահացածներինը՝ 17 հազար 983-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 247 հազար 818 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 35 հազար 341: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 226 հազար 699, մահերինը՝ 32 հազար 169: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 180 հազար 809 է, մահացածներինը՝ 28 հազար 022:

Գերմանիայում 177 հազար 842 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 193 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 151 հազար 615-ի, մահացածներինը՝ 4 հազար 199-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 126 հազար 949-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 183 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 965 ընդհանուր, 5 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։ 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 713-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 37 արտակարգ 097, մահերինը՝ 16: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 063 է, մահացածներինը՝ 227:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 17 հազար 568-ի, մահացածներինը՝ 124-ի: Եգիպտոսում 13 հազար 484 հաստատված դեպք կա, մահացել է 659 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 611 վարակվածության, 131 մահվան դեպք: Լիբանանում կա 961 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Բալին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից

Ինդոնեզիայում գտնվող Բալի կղզին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով «The Jakarta Post»-ին:  «Համավարակի ընթացքում Բալի կղզում ընդամենը 371 վարակվածության դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է: Դա շատ ցածր ցուցանիշ է՝ համեմատած Ինդոնեզիայի այլ տարածքների հետ»,-նշում է պարբերականը:

Եթե Բալիում հնարավոր լինի պահպանել բարենպաստ համաճարակային իրավիճակ, ապա իշխանությունները կարող են կղզին բացել միջազգային զբոսաշրջիկների համար արդեն հոկտեմբերից: Պարբերականը նշում է, որ Ինդոնեզիայի տնտեսության համար զբոսաշրջությունը կարևոր նշանակություն ունի: Այս ոլորտից է կախված բնակչության 80 տոկոսը: Այսօր Ինդոնեզիայի տնտեսությունը զգալի տուժել է:

Հարավային Կորեան կհատկացնի 2.8 մլրդ դոլար ավելի քան 550 հազար աշխատատեղ ստեղծելու համար

Հարավային Կորեայի կառավարությունը մտադիր է 3.5 տրիլիոն վոն (2.8 մլրդ դոլար) ներդրում կատարել մի նախագծում, որի շրջանակում երկրում կստեղծվի ավելի քան 550 հազար աշխատատեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

Հայտնի է, որ այս հայտարարությունը ֆինանսների նախարարը կատարել է Աղետների կառավարման, արտակարգ իրավիճակների կենտրոնական շտաբի նիստի ժամանակ: Նշվում է, որ միջոցները կհատկացվեն երրորդ լրացուցիչ բյուջեից:

Մայիսի 13-ին հայտնի դարձան մանրամասներ Հարավային Կորեայի պետական հատվածում աշխատատեղերի ստեղծման նախագծի մասին: Նախագծի շրջանակում կստեղծվի 100 հազար հեռավար աշխատատեղ պետական հատվածում, 100 հազար աշխատատեղ երիտասարդների համար, 300 հազար աշխատատեղ բնակչության խոցելի խմբի համար:

 «Սանրվածք գործողություն». Միչիգանում վարսավիրները դուրս կգան բողոքի ակցիայի 

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում վարսավիրները պատրաստ են Կապիտոլիումի դիմաց անվճար սպասարկել մարդկանց ի նշան բողոքի՝ կապված տնից դուրս չգալու արգելքի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: «Սանրվածք գործողություն» ակցիայի կազմակերպիչներն ակնկալում են, որ կմասնակցի 25-30 մարդ: Նրանք պատրաստ են անվճար կտրել մազերը, լավ տեսքի բերել շներին, կատարել մերսում:

«Մշտապես նշվում է, որ ծայրահեղ կարևոր բիզնեսը կարող է վերսկսել իր աշխատանքը: Եկամուտ բերող ցանկացած բիզնես միշտ ինչ-որ մեկի համար ծայրահեղ կարևոր է, հակառակ դեպքում մարդիկ այնտեղ չեն գնա»,-ասել է կազմակերպիչներից մեկը՝ Ռոզաննա Պոնկովսկին:

Բողոքի ակցիայի հետ կապված՝ նահանգապետը հանդես է եկել զգուշացնող հայտարարությամբ:

«Մենք չենք ցանկանում տուգանքներ նշանակել, սակայն եթե դա պետք է, ապա կարող է տեղի ունենալ»,-ասել է նահանգապետ Գրետհեր Ուիթմերը:

Միշուստինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացման մասին

Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է վարակվածներից: Դա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք սկսել ենք անցում կատարել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության բարձր կետից: Դա ցույց է տալիս, որ իրավիճակը աստիճանաբար կայունանում է`հատկապես Մոսկվայում, որն առաջինը բախվեց նոր վարակին»,-ասել է վարչապետը:

Միշուստինի ներկայացրած տվյալների համաձայն, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում ավելի քան 164 հազար մահճակալ են առանձնացրել, այդ թվում` 24 հազար 700-ն ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում:

«Rolls-Royce» նախատեսում է 9 հազարով կրճատել աշխատողների թիվը

Ավիացիոն շարժիչներ արտադրող «Rolls-Royce» ընկերությունն իր աշխատողների թիվը կրճատում է 9 հազարով: Պատճառը  ավիացիոն ոլորտում շարժիչների պահանջարկի անկումն է՝ կորոնավիրուսով պայմանավորված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացնում է «Ռեգնում»-ը:

«Մենք առաջարկում ենք անցկացնել մեր բիզնեսի լուրջ վերակազմակերպում, որպեսզի հարմարվենք նոր պայմաններին, շուկայից եկող քիչ պահանջարկին: Արդյունքում մենք 52 հազար աշխատատեղից կունենանք 9 հազար աշխատատեղի կորուստ»,-ասված է մայիսի 20-ին ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունն առայժմ չի տեղեկացնում, թե կոնկրետ որտեղ է կրճատումներ անելու: Նշվում է, որ կպահանջվի մի քանի տարի, որ կոմերցիոն այս շուկան վերադառնա այն մակարդակին, որը կար մի քանի ամիս առաջ: «Աշխարհի տարբեր երկրներում կառավարություններն անում են ամեն հնարավորը բիզնեսին օգնելու համար, սակայն մենք պետք է արձագանքենք շուկայական նոր պայմաններին, քանի դեռ ավիացիայի ոլորտը չի վերականգնվել»,-նշել է գլխավոր տնօրեն Ուորեն Իստը:

Համավարակի պատճառով աշխարհում 60 մլն մարդ կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ. ՀԲ

Աշխարհում շուրջ 60 մլն մարդ կարող է կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ համավարակի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասը: «Համավարակը և աշխատանքի դադարեցումը զարգացած տնտեսություններում կարող են հանգեցնել նրան, որ շուրջ 60 մլն մարդ հայտնվի ծայրահեղ աղքատության մեջ: Դա բացասական ազդեցություն կունենա աղքատության դեմ պայքարի հարցում վերջին տարիներին ունեցած ձեռբերումների զգալի հատվածի վրա»,- ասել է Մելպասը:

Նա նշել է, որ տնտեսական աճին վերադառնալու համար անհրաժեշտ է արագ և ճկուն արձագանքել արտակարգ իրավիճակին, օգնություն տրամադրել հասարակության աղքատ շերտին, այդ թվում՝ ֆինանսական: Պետք է աջակցել մասնավոր հատվածին և ամրապնդել տնտեսության կայունությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկը համավարակի դեմ պայքարի շրջանակում աջակցություն է ցուցաբերել արդեն 100 երկրի, որոնց բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 70 տոկոսը: Ընդհանուր առմամբ, Համաշխարհային բանկը պարտավորվում է 15 ամսում դրամաշնորհի, պարտքի և ներդրումների տեսքով հատկացնել 160 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Չինաստանի արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները 99,1 տոկոսով վերսկսել են իրենց աշխատանքը

Չինաստանում համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման համատեքստում արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները կարողացել են վերականգնել արտադրությունը 99,1 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Չինաստանի արդյունաբերության նախարար Մյաո Վեիը:

«Մայիսի 18-ի տվյալների համաձայն, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծանրաբեռնվածությունը 99.1 տոկոս է, իսկ աշխատակիցների՝ աշխատատեղեր վերադարձի գործակիցը կազմում է 95.4 տոկոս: Ընդհանուր առմամբ, կարողացել ենք հասնել սովորական մակարդակին»,-հայտարարել է նախարարը:

Դրա հետ մեկտեղ, նախարարի խոսքով, աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի արագ տարածմամբ պայմանավորված, անորոշությունն ու անկայունությունը տարբեր ոլորտներում մեծացել է: Արտադրության ոլորտը դեռ բախվում է մեծ դժվարությունների, իսկ արդյունաբերության ու տնտեսության վերականգնման համար դեռ ժամանակ կպահանջվի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աջակցել Աֆրիկային կորոնավիրուսի դեմ պայքարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերել Աֆրիկայի երկրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք կոչ ենք անում միջազգային քայլերն ուղղել Աֆրիկայում առողջապահական համակարգի ամրապնդմանը, աջակցել սննդամթերքի պահպանման, ֆինանսական ճգնաժամը կանխելու հարցում: Անհրաժեշտ է օգնել կրթության ոլորտում, նպաստել, որ պահպանվեն աշխատատեղերը: Պետք է օգնություն ցուցաբերել տնային տնտեսություններին և արտադրության ոլորտին»,-նշել է Գուտերեշը:

Դրանից բացի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհրաժեշտություն է համարել մշակել գլոբալ փաթեթ աֆրիկական երկրներին արագ արձագանքելու և հնարավոր պատվաստանյութով հավասարաչափ ապահովելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]