Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ամեն ինչ շատ լավ է լինելու՝ անգամ այս աննախադեպ ճգնաժամի ընթացքում և դրանից հետո. Թունյան

 Ամեն ինչ շատ լավ է լինելու՝ անգամ այս աննախադեպ ճգնաժամի ընթացքում և 
դրանից հետո. Թունյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վստահ է՝ կառավարությունն իր առջև դրված խնդիրը լուծել է շատ ավելի լավ, քանի որևէ մեկը կպատկերացներ, Թունյանը ընդդիմությանը մեղադրում է նաև սխալ թվային ցուցանիշներ հնչեցնելու մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանն այս հարցերի շուրջ խոսեց ԱԺ-ում կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցի քննարկմանն իր ելույթում:

Անդրադառնալով ընդիմության այն մտքին, թե քննադատություններն ուղղված են խնդիրները հնարավորինս շուտ բացահայտելուն և լուծելուն՝ ասաց՝ լավ են անում, սակայն առաջարկեց տեսնել, թե ընդդիմությունը որքանով է հետևողական: «Գալիս, խոսում եք ՏՏ-ից, թվեր եք հնչեցնում, մինչև ապացուցում ենք, որ այդ թվերը սխալ են, գալիս խոսում եք պարենային անվտանգությունից, մինչև ասում ենք, որ պարենային անվտանգության հետ կապված խնդիր չկա, գալիս, խոսում եք ավիացիայից...»,-ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց վարչապետի հայտարարությունը, որ կոմունալ վճարների մասով օգնություն ստացել են նաև մարդիկ, որոնք բանկերում ունեն մի քանի մլն դրամի ավանդ: Սոցիալական ցանցերում այդ թեմայով թեժ քննարկում է: «Սոցիալական ցանցերում վայնասուն է, թե մարդկանց բանկային գաղտնիքները պաշտպանված չեն, հետևում են: Ով այդպես է կարծում, կամ բութ է, կամ սրիկա»,-ասաց Թունյանն ու պարզաբանեց՝ նկատի ունի այն մարդկանց, որոնք հրապարակային հայտարարություններ են անում՝ չհասկանալով, որ պատգամավորները և շատ պետական պաշտոնյաներ լրացնում են հայտարարագիր, որտեղ երևում է, թե ինչքան խնայողություն ունեն: Իսկ Հայաստանում կոմունալ վճարների գծով օգնություն ստացել է բաժանորդների 90-ից ավելի տոկոսը, պատգամավորն առաջարկեց համադրել, տեսնել, թե ովքեր են ընդգրկվել այդ ցուցակում: «Բայց ես ավելի շատ համոզված եմ, որ իրենք ավելի շատ ոչ թե բութ են, այլ սրիկա են: Այս վարքագիծն ունի կոնկրետ նպատակ, որ մարդիկ իրենց հավատան ու ավանդները բանկային համակարգից դուրս բերեն, բանկային համակարգում ստեղծեն լիկվիդայնության խնդիր և բարդեն իշխանության գլխին»,-ասաց նա:

Թունյանը շեշտեց՝ կառավարությունն իր առջև դրված խնդիրը լուծել է: «Եվ լուծել է շատ ավելի լավ, քան որևէ մեկդ կպատկերացներ: Իհարկե եղել են նաև խնդիրներ, դրանք մենք ընդունում ենք, եթե չընդունենք, չենք կարող լուծել: Ի հեճուկս շատ կարծքների և շատերի սպասումների՝ ամեն ինչ շատ լավ է լինելու՝ անգամ այս աննախադեպ ճգնաժամի ընթացքում և դրանից հետո»,-նշեց նա:

Դրանից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում արձագանքելով Թունյանին՝ նշեց՝ սրիկա և այլ բառերն ամբիոնից ասելը լարվածություն է առաջացնում: «Դա լարվածություն է առաջացնում: Մեկը կարող է մտածել իրեն եք անդրադառնում, մյուսը մտածի՝ իրեն»,-ասաց նա: Հենց այս մտքից հետո միջամտեց Սասուն Միքայելյանն ու դահլիճում բանավեճ ու ծեծկռտուք սկսվեց:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am