Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԱՀԿ-ն արձագանքել է Ֆրանսիայում դեռ դեկտեմբերին COVID-19-ի ի հայտ գալու տեղեկատվությանը

ԱՀԿ-ն արձագանքել է Ֆրանսիայում դեռ դեկտեմբերին COVID-19-ի ի հայտ գալու 
տեղեկատվությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանական է համարում այն, որ COVID-19-ի վարակվածության առաջին դեպքերն աշխարհի տարբեր երկրներում ի հայտ եկած լինեն դեռ դեկտեմբերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, ըստ որի, կորոնավիրուսով վարակվածության դեպքերը Ֆրանսիայում ի հայտ են եկել 2019 թվականի դեկտեմբերին:

«Դա հետաքրքիր բացահայտում է: Դա կարող է օգնել ավելի լավ պատկերացնել կորոնավիրուսի պոտենցիալ տարածումը: Դա զարմանալի չէ, որովհետև ամենավաղ դեպքերն արձանագրվել են դեռ դեկտեմբերի սկզբին, այնպես, որ հնարավոր է վարակված մարդիկ Ուհանից ճանապարհորդած լինեն այլ երկրներ: Նաև հնարավոր է, որ ավելի շատ վաղ դեպքեր վերհանվեն՝ կապված այն հանգամանքի հետ, թե երկրներն ինչպես կթեստավորեն դեպքերը»,-ասել է նա:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայում բժիշկ Իվ Կոենը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքն իրականում գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին, սակայն դա պարզվել է հիմա: Դեկտեմբերի 27-ին բժիշկը բուժել է Փարիզից մի պացիենտի, ով թոքաբորբ է ունեցել: Նա ապաքինվել է և դուրս է գրվել, սակայն բժշկի այս օրերին արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա կորոնավիրուսով հիվանդ է եղել: 50-ամյա տղամարդը չի կասկածել, որ կորոնավիրուսով հիվանդ է եղել: Ավելի վաղ նշվում էր, որ Ֆրանսիայում COVID-19-ի առաջին դեպքերը գրանցվել են հունվարի 24-ին: Երկու հոգին վերադարձած են եղել Ուհանից, երրորդ անձը եղել է նրանց ընտանիքի անդամը:

Բժիշկը դիմել է Առողջապահության ազգային գործակալությանը և կոչ է արել մյուս վարակաբաններին վերաճշգրտել ունեցած թեստերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am