Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցնում է 85 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

 COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցնում է 85 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 220 հազարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ վարակվել է 225 հազար 381 մարդ, մահացածների թիվը 9 հազար 276 է, ապաքինվել է 85 հազար 831 անձ։ Կորոնավիրուսը տարածում է գտել աշխարհի 170-ից ավելի երկրներում և տարածքներում։

Վիճակագրություն

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Չինաստանում վարակվածների թիվը մոտ է 81 հազարին, սակայն այստեղ դրական դինամիկա է նկատվում նոր հայտնաբերված դեպքերի թվում։ Նկատելիորեն կրճատվել են նոր դեպքերը։

Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, որտեղ կորոնավիրուսի հաստատված 35 հազար 710-ից ավելի դեպք կա։ Իտալիան, եվրոպական այն երկրներից է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը։ Վերջին տվյալներով՝ այնտեղ կորոնավիրուսից մահացել է 2 հազար 978 մարդ։ Իտալիային վարակվածների մեծ թվով հաջորդում է Իրանը, որտեղ կորոնավիրուսի հաստատված 18 հազար 407 դեպք կա, մահացածների՝ 1200-ից ավելի։ Կորոնավիրուսի վարակվածության մեծ թիվ է գրանցվել նաև Իսպանիայում՝ 17 հազար 147, Գերմանիայում՝ 13 հազար 083, ԱՄՆ-ում՝ 9 հազար 464, Ֆրանսիայում՝ 9 հազար 134, Հարավային Կորեայում ՝8 հազար 565, Շվեյցարիայում՝ 3 հազար 347, Միացյալ Թագավորությունում՝ 2 հազար 626:

Պանդեմիա որակված վարակի կենտրոնում դրական դինամիկա է նկատվում  

Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն համարվող Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ մարտի 18-ին վարակվածության նոր դեպք չի արձանագրվել: Չինաստանի Հուբեյ նահանգի առողջապահական հանձնաժողովը տեղեկացնում է, որ նահանգում մահերի թիվն ավելացել է 8-ով, իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ուհանում 50 հազար 5 է, Հուբեյում՝ 67 հազար 800: Մարտի 18-ին նահանգում, ընդհանուր առմամբ, դուրս է գրվել 795 մարդ, արդյունքում հոսպիտալացված անձանց թիվը կրճատվել է՝ հասնելով մինչև 6 հազար 636, այդ թվում` 1809 ծանր, 465-ը ծայրահեղ ծանր վիճակում են:

Ռուս գիտնականներին հաջողվել է սեկվենավորել կորոնավիրուսի ամբողջական գենոմը

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Սմորոդինցևի անվան Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները ՌԴ-ում նոր կորոնավիրուսով՝ COVID-2019-ով հիվանդից վերցված նմուշով առաջին անգամ սեկվենավորել են SARS-CoV-2-ի ամբողջական գենոմը: «SARS-CoV-2-ի օպերատիվ գենետիկական անալիզը բացառիկ կարևորություն ունի նոր տիպի կորոնավիրուսի էվոլյուցիայի, տարածման դինամիկայի գնահատման տեսանկյունից: Այս կորոնավիրուսը նոր է մեզ համար, այդ պատճառով չափազանց կարևոր է որոշել դրա տարածման ճանապարհը, դրա փոփոխությունները: Այս ինֆորմացիան կօգնի պատվաստանյութի և կորոնավիրուսի բուժման հակավիրուսային պրեպարատների մշակման գործում»,- ՌԴ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ հայտարարել է գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Դմիտրի Լիոզնովը: 

Կանադայում վարակվածների թիվը 690 է

Կանադայում մարտի 18-ի ժամը 21:00-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 690 է: Կանադայի կառավարության պաշտոնական կայքը նշում է, որ ամենաշատ դեպքերն արձանագրվել են Բրիտանական Կոլումբիա նահանգում` 231, այնուհետև Օնտարիոյում` 214, Ալբերտայում` 119 և այլն: Արձանագրված դեպքերի 52 տոկոսը Կանադայում տղամարդիկ են: 31 տոկոսը 60 և ավելի տարեկան  անձինք են: Ընդհանուր հաստատված դեպքերի 11 տոկոսը հոսպիտալացված է: Նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: 69 տոկոսը ճամփորդներ են, իսկ 13 տոկոսը նրանց հետ սերտ շփում ունեցած անձինք:

Ուկրաինայում հետազոտում են կորոնավիրուսով վարակվածների հետ շփված յուրաքանչյուր անձի

Ուկրաինայում մարտի 19-ի դրությամբ նոր կորոնավիրուսի վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 16 է: Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի Հանրային առողջության կենտրոնը մարտի 18-ին ունեցել է կորոնավիրուսի կասկածելի 79 դեպք: Թեստավորման արդյունքներից 2-ն են դրական պատասխանով եղել: Կենտրոնը տեղեկացնում է, որ իրենք հետազոտում են ոչ միայն այն մարդկանց, ում մոտ հստակ վիրուսի կասկածներ կան, այլև նրանց հետ կոնտակտ ունեցած քաղաքացիներին: 2020 թվականի սկզբից Ուկրաինայում եղել է կորոնավիրուսի կասկածի 260 հաղորդում:

Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 1 դեպք

Ղազախստանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով վարակման դեպքն արձանագրվել է Ալմաթի քաղաքում: Մարտի 19-ի ժամը 08:00-ի տվյալներով՝ Ղազախստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 37 է, որոնցից 19-ն արձանագրվել է Ալմաթի, իսկ 18-ը՝ Նուր-Սուլթան քաղաքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am