Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանը նշեց Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման նոր ժամկետները

Փաշինյանը նշեց Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման նոր 
ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չի կարող կայանալ հայտարարված արտակարգ դրության պայմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանի հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող: Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրաքվեի գործընթացը կսկսվի այն կետից, որտեղ, որ ավարտվել էր»,- ասաց Փաշինյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն պետք է տեղի ունենար ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am