Հասարակական

Հանձնարարել էին գրավել գյուղը և կենդանի ոչ ոքի չթողնել. ՔԿ-ն հրապարակել է վարձկանի հարցաքննությունից հատված

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է ձերբակալված ազգությամբ արաբ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած տեսանյութում սիրիացին պատմում է, թե Սիրիայում որտեղ է բնակվել, ինչպես են այնտեղ սկսվել հավաքագրումները:

«Աբու Հուսեյն 23 անունով անձն ասաց, որ պետք է մեկնենք Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ տեղակայված է տարբեր խմբավորումների հրամանատարական կազմը: Երկու օր անց մեզ տեղափոխեցին այլ վայր, որտեղ ներկա էր Սուլեյման Շահ խմբավորման գլխավոր հրամանատար Աբու Համշա մականունով անձը»,-նշել է նա: Սիրիացին պատմել է, որ ընտրվել է 250 անձ, նրանց բաժանել են խմբերի: Քիլիս քաղաքը գտնվում է Սիրիայի ու Թուրքիայի սահմանագծում: Նա տեղեկացրել է, որ այդ քաղաք հասել են ընթացիկ տարվա հոկտեմբերի 17-ին: Այնուհետև, ըստ հրահանգի, ոտքով ուղևորվել են դեպի Թուրքիա:

«Թուրքիայի անցակետում սահմանապահները մեզ ոչինչ չասացին, ոչ մի հարց չտվեցին: Իրենք հաստատ տեղյակ էին, որ մեզ պետք է թույլատրեին անցնել: Սահմանը մեզ անցկացրել է Աբու Համշա անունով հրամանատարը: Հետո հանդիպեցինք Թուրքիայի ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանական մեքենաների, սակայն մեզ կրկին ոչինչ չեն ասել: Այնտեղ կային ավտոբուսներ, որոնցով էլ մեզ տեղափոխեցին քաղաքացիական օդանավակայան: Մեկ ժամ թռիչքից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի մեկ այլ օդանավակայանում»,-նշել է նա: Նրանց դիմավորել են ավելի քան 50 թուրք զինվորականներ: Այնտեղ նրանք նստել են Ադրբեջանի դրոշը կրող քաղաքացիական ինքնաթիռ: Հոկտեմբերի 18-ին առավոտյան ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում, որտեղ դիմավորել են զինվորականներ: Սիրիացին պատմում է, որ նրանք տեղափոխվել են Ադրբեջանի ռազմական օբյեկտներից մեկը, որտեղ համազգեստ ու զենք են տրամադրվել: Տեղում կային Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ, որոնք հիմնականում կցված էին հրետանային միջոցներին:

«Մեզ ասացին, որ կռվելու ենք հայերի դեմ: Առավոտյան 200 հոգով ավտոմեքենայով գնացել ենք մոտ 100 կմ տարածք: Տեղում բաժանվել ենք խմբերի և նշանակվել է ղեկավար: Հանձնարարել էին գրավել մոտակա հայկական գյուղը և այնտեղ կենդանի ոչ ոքի չթողնել: Հարձակման ժամանակ ես վիրավորվեցի, խնդրեցի օգնել, սակայն ոչ ոք չօգնեց»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Աբու Համշան ասել էր՝ ով վախկոտ է, թող հաբեր խմի: Հայերի դեմ կռվելու համար խոստացվել էր ամսական 2 հազար դոլար:

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցավոր արարքների կատարման կասկածանքով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը ձերբակալվել է:

Հայերեն العربية English

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություն կկատարվի

Գազայում 40-ից ավելի մարդ է զոհվել իսրայելական հարձակումներից

Իրանը դատապարտել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը

Նոր համակարգով անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին կառաջարկվի աշխատանք. Փաշինյան

ՀՀ ԱԳ նախարարը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

Նոր մանրամասներ Հնդկաստանում 242 մարդու տանող ինքնաթիռի կործանումից

ՀՀ ԱՍՀ նախարարը ելույթ է ունեցել Աշխատանքի միջազգային համաժողովի 113-րդ նստաշրջանում

Չինաստանը մտադիր է պահպանել ԱՄՆ-ի հետ առևտրի շուրջ պարտավորությունները

Կառավարությունը աջակցություն կտրամադրի անապահով շահառուներին աշխատանք առաջարկող գործատուներին

Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի աշխարհում գինու ամենահեղինակավոր մրցույթներից մեկը