Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսրայելի օրենսդիրները կրկին բարձրացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

Իսրայելի օրենսդիրները կրկին բարձրացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Կնեսետի օրակարգում է հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post-ը, Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել են, որ ներկայացնելու են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ:

Նրանք ընդգծել են, որ եկել է ժամանակը, որ Իսրայելը ճանաչի թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը՝ մի քայլ, որն իսրայելական կողմը խուսափում էր ձեռնարկելուց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվնասելու նպատակով:

«Մենք բարոյականության դասեր չենք ընդունելու հակասեմիտ թուրք մսագործից, ով ամեն օր Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռմբակոծում է հազարավոր քրդերի և ում երկիրը պատասխանատու է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության, ինչպես նաև ասորիների դեմ գործած պատմական սարսափների հարցում»,- ասել է Շմուլին՝ նշելով, որ Իսրայելը պետք է վաղուց ճանաչած լիներ ցեղասպանությունը:

Նրա գործընկերը՝ Օհանան ընդգծել է, որ ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը դիվանագիտական գործոններով պայմանավորելն արդեն վաղուց ժամանակավրեպ է: «Շատ ուշ չէ արդարություն հաստատելու համար: Ժամանակն է պաշտոնապես ճանաչել հայերի դեմ իրականացված անարդարությունը»,- ասել է նա:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև 2017 թվականի փետրվարին ներկայացրել էր «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, որը, սակայն, քվեարկության արդյունքում մերժվել էր: Դա նշանակում է, որ Լապիդի բանաձևը նորից քննարկման չի կարող դրվել մինչև օգոստոս:

Jerusalem Post-ի դիվանագիտական աղբյուրն ընդգծել է, որ իրադրությունը շատ նուրբ է և ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Իսրայելի արտգործնախարարությունը հրաժարվել է մեկնաբանել հարցը:

Ուշագրավ է, որ իսրայելցի օրենսդիրները Հայոց ցեղասպանության հարցը պարբերաբար բարձրացնում են Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ՝ որպես պաշտոնական Անկարային զսպելու միջոց:

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները խիստ լարվել են մայիսի 14-ին Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախման պատճառով, որը խլել է ավելի քան 60 պաղեստինցու կյանք: Թուրքիան հետ է ուղարկել իր երկրում Իսրայելի դեսպանին և հյուպատոսին, իսկ Իսրայելը՝ Թուրքիայի դեսպանին:

Թուրքիայի բարձր ղեկավարությունը խիստ քննադատություններ է հնչեցրել Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ:

Թուրքիայում կատարվածի առնչությամբ եռօրյա սուգ է հայտարարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am